Այսօր այլևս փաստ է, որ ներկայիս կառավարությունը սպառել է իրեն բոլոր առումներով: Աշխատանքները ձախողված են և՛ տնտեսական քաղաքականության, և՛ ներքին քաղաքականության, և՛ արտաքին քաղաքականության, և՛ կադրային քաղաքականության, և՛ ռազմավարական ու կարևորագույն խնդիրների հակաճգնաժամային քաղաքականության առումներով: Ստեղծված իրավիճակը, կարծես թե, ունի մեկ լուծում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ իշխանությունից Փաշինյանի հեռացումը պետք է հնարավորինս անցնցում իրագործվի: Անցնում ճանապարհը ենթադրում է, որ պետք է ստեղծվի ազգային համաձայնության և հակաճգնաժամային կառավարման նոր կառավարություն՝ նոր վարչապետով: Ինչպես և ենթադրում է իշխանության փոխանցման անցնում սցենարը՝ առաջին պլան է մղվելու Նիկոլ Փաշինյանի և իր ընտանիքի անվտանգության ապահովման խնդիրը: Հեռանալու համար Փաշինյանը պետք է ստանա անվտանգության որոշակի երաշխիքներ, իսկ դա թույլ է տալիս պնդել, որ իշխանության փոխանցման գործընթացը տեղի չի ունենա առնվազն մինչև Փաշինյանի որդու զորացրվելը, իսկ դրան, հիշեցնենք, հաշված օրեր են մնացել:
Հետևաբար հարց է առաջանում՝ ովքե՞ր են հիմնական թեկնածուները, ում ճգնաժամի խորացման դեպքում կգերադասի փոխանցել իշխանությունը Նիկոլ Փաշինյանը:
Թերևս, գլխավոր և ամենահավանական թեկնածուն այս դեպքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, հատկապես, որ հենց նա է օրեր առաջ կառավարության գործունեության հստակ գնահատական հնչեցրել՝ պահանջելով կառավարության 100 տոկոսանոց փոփոխություն իրականացնել: Ծառուկյանն այն քաղաքական ֆիգուրն է, ով կարող է հաջողել որպես անցումային վարչապետ՝ կարճ ժամանակահատվածում փորձելով լուրջ ներդրումային հոսք ապահովել դեպի Հայաստան՝ հատկապես Արաբական թերակղզու երկրներից: Լինելով ինքնուրույն խաղացող՝ առավելագույնս դուրս լինելով վերահսկողությունից, լինելով ընկալելի քաղաքական գործիչ հատկապես ՌԴ-ի համար և ունենալով բարձր վարկանիշ քաղաքական դաշտում՝ Ծառուկյանը ժամանակավոր կառավարության ղեկը ստանձնելու հավանական թեկնածուն է: Նաև կարևոր դեր է խաղում այն հանգամանքը, որ Ծառուկյանը չունի անձնական խնդիրներ Նիկոլ Փաշինյանի հետ, իր էությամբ հակված չէ քաղաքական վենդետաներին և մշտապես հանդես է եկել համերաշխության կոչերով:
Հաջորդ թեկնածուն ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի նախագահ Արթուր Վանեցյանն է, ով վերջին շրջանում հանդես է գալիս գործող կառավարությանը քննադատող կոշտ հայտարարություններով: Վանեցյանի օգտին միանշանակ խոսում է քաղաքական գործիչների երիտասարդ սերնդին պատկանելու հանգամանքը, հեղափոխության արժեքների կրող լինելը: Վերջինս լայն ճանաչում ձեռք բերեց ԱԱԾ տնօրեն աշխատելու ընթացքում: Միևնույն ժամանակ փաստենք, որ Վանեցյանի դեպքում ակնհայտ է քաղաքական փորձի պակասը, բացի այդ, ըստ շրջանառվող լուրերի, Արթուր Վանեցյանին իր մեդիա ռեսուրսներով աջակցում է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը և, հաշվի առնելով Մինասյան-Փաշինյան գերլարված և թշնամական հարաբերությունները, Վանեցյանին իշխանություն փոխանցելը Փաշինյանի համար կարող է հղի լինել քաղաքական վենդետայով:
Երրորդ հավանական թեկնածուն գործող նախագահ Արմեն Սարգսյանն է: Նրա օգտին են խոսում միջազգային կապերը, հեղինակությունը, անձնական մեծ ֆինանսական ռեսուրսները, երկար տարիների դիվանագիտական աշխատանքի փորձը, անձնական բարեդրացիական հարաբերությունները խոշոր «կալիբրի» գործիչների հետ: Չմոռանանք, որ վերջերս հենց նախագահ Սարգսյանի և Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի պայմանավորվածության արդյունքում հատուկ չվերթով Հայաստան բերվեցին բուժօգնության պարագաներ: Սարգսյանի թեկնածությանը անդրադառնալիս չպետք է մոռանալ նաև այն հանգամանքը, որ վերջինս սկզբնական շրջանում անչափ լարված հարաբերությունների մեջ էր Նիկոլ Փաշինյանի հետ, ինչը պարբերաբար արտահայտվում էր նախագահին հանդեպ ՔՊ շանտաժով՝ իշխող քաղաքական ուժը «սպառնում» էր հեռացնել նախագահին, եթե վերջինս հրաժարվի ստորագրել իր հաստատմանն ուղարկված փաստաթղթերը:
Վարչապետի հաջորդ՝ չորրորդ կոմպրոմիսային թեկնածուն կարող է դառնալ ներկայիս փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ չնայած այն հանգամանքին, որ Ավինյանն այս պահին հրաժարականի շեմին կանգնած պաշտոնյաների ցանկում է: Միևնույն ժամանակ չի բացառվում, որ Ավինյանի հրաժարականի թեման տիրաժավորելը քաղաքական խաղի մի մասն է, որով փորձ է արվում շոշափել հանրային քաղաքական տրամադրությունները:
Քաղաքական գործընթացների զարգացմանը զուգահեռ ավելի հստակ կուրվագծվի, թե իշխանության փոխանցման որ տարբերակն առավել օպտիմալ և իր համար առավել անվտանգ կհամարի Նիկոլ Փաշինյանը: Ակնհայտ է մի բան, որ իշխանության փոխանցման գործընթացը պետք է տեղի ունենա հնարավորինս անցավ՝ սոցիալ-տնտեսական և քաղաքական կոլապսի շեմին գտնվող երկիրը էլ ավելի մեծ ցնցումներից զերծ պահելու համար, իսկ դա ենթադրում է քաղաքական բոլոր առողջ ուժերի պատրաստակամությունը՝ միավորվելու մեկ օրակարգի շուրջ: