ԿԿ հանձնաժողովի որոշմամբ 2019թ. տարեկան հայտարարագիր ներկայացնելու ժամկետը մարտի 31-ից երկարաձգվել էր մինչև մայիսի 31-ը։ Հանձնաժողովը տեղեկացրել էր, որ որոշումը պայմանավորված է համակարգի գործարկման ուշացմամբ, և նշել էր, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում (2020 թվականի մարտի 31-ի դրությամբ) հայտարարագիր չներկայացնելը հայտարարատու պաշտոնատար անձանց համար որևէ հետևանք չի առաջացնի։ Ներկայացված հայտարարագրերը կհրապարակվեն 2020 թվականի հունիսի 10-ին։ Այն բոլոր հայտարարատուների համար, ովքեր օրենքով սահմանված ժամկետում ծանուցվել են, բայց հայտարարագիր չեն ներկայացրել, Հանձնաժողովը կկիրառի ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169․28 հոդվածի առաջին մասի պահանջները։ Այն է՝ հայտարարագիր չներկայացրած անձինք Հանձնաժողովի կողմից գրավոր կծանուցվեն, որպեսզի 30 օրյա ժամկետում հայտարարագիր ներկայացնեն, իսկ այդ ժամկետում չներկայացնելու դեպքում նրանց նկատմամբ կկիրառվի վարչական պատասխանատվություն՝ տուգանք։ 
Չնայած այն հանգամանքին, որ պաշտոնատար անձանց ընդամենը մեկ օր է մնացել իրենց և իրենց ընտանիքի անդամների տարեկան հայտարարագրերը ներկայացնելու համար՝ մինչ այս պահը դրանք չեն ներկայացվել։ Այդ պաշտոնյաների շարքում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բոլոր նախարարները, բոլոր մարզպետները, պատգամավորները՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և փոխխոսնակների գլխավորությամբ, Արեն Մկրտչյանը, Արման Բոշյանը, Արմեն Փամբուխչյանը, Արփինե Դավոյանը, Կարեն Սարուխանյանը, Հակոբ Սիմիդյանը, Հայկ Սարգսյանը, Հայկ Կոնջորյանը, Հովիկ Աղազարյանը, Մխիթար Հայրապետյանը, Ռուբեն Ռուբինյանը, Սասուն Միքայելյանը, Վահե Ղալումյանը, ինչպես նաև աշխատակազմերը, իրավապահ մարմինների ղեկավարները։ 

Այսինքն՝ իշխանությունները մի կողմից պահանջում են, որ Հայաստանում ներդրվի համատարած հայտարարագրման ինստիտուտը, այսինքն՝ հայտարարագիր ներկայացնեն նաև մի կերպ ծայրը ծայրին հասցնող հպարտ քաղաքացիները՝ իրենց 150 հազար ամսական աշխատավարձով, կամ խոպանից տուն ուղարկված չնչին գումարը, իսկ իրենք, օրենքի պահանջ խախտելով, չեն էլ ցանկանում օրինակ ծառայել այդ նույն հպարտ քաղաքացիների համար: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ պաշտոնյան պետք չէ հայտարարագիրի աշխատավարձը և միլիոնների հասնող պարգևատրումները, իսկ քաղաքացիներին այդ նույն պաշտոնյան, ԱԺ-ում քվեարկելով, պարտադրելու է հայտարարագրել վերջին կոպեկը: Ինչպես երևում է՝ Նոր Հայաստանի կառավարիչներն իրենց այս հարցում էլ են արտոնյալ համարում…