Վերջին շրջանում ընդդիմադիր քաղաքական ուժերն իրենց դիրքորոշումներն են հայտնում և համախմբվելու կոչեր հնչեցնում՝ իշխանափոխության հասնելու նպատակով: Այս առումով Դաշնակցությունը ևս հանդիպումներ է ունենում։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված ընդդիմադիր դաշտի տարբեր քաղաքական ուժեր հնչեցրել են գրեթե նույն գնահատականները․ «Գրեթե բոլորը ասում են նույն բանը, որ երկրում կա կառավարման ճգնաժամ, երկրում կա խնդիր և գործադիր իշխանությունը բոլոր ուղղություններով ունի ձախողում։ Ընդդիմադիր դաշտի բազմաթիվ կուսակցությունների գնահատականը գրեթե նույնն է, և դրա կողքին տարբեր քաղաքական ուժեր ստեղծված իրավիճակից ելքեր են առաջարկում։ Մենք գտնում են, որ համախմբումը պետք է լինի օրակարգի շուրջ, որը պետք է բխի մեր պետության և ժողովրդի շահերից, որի թիվ մեկ շահառուն պետք է լինի ժողովուրդը։ Եթե մենք շարունակենք գնալ այն ճանապարհով, որ այս փրկիչը ձախողել է և անհրաժեշտ է նոր փրկիչ, անձ, որն իր կախարդական փայտիկով կգա և երկիրը այս վիճակից դուրս կհանի, մենք շատ արագ մեր ժողովրդին կտանենք հիասթափության, հետևաբար համախմբումը պետք է լինի օրակարգային։ Այդ օրակարգը կարող է իրականացնել նոր որակի իշխանությունը, որը երկրում կանի համակարգային, ամբողջական բարեփոխումներ»,- ասում է Սաղաթելյանը։ 

 

Ըստ նրա՝ նոր որակի իշխանություն կարող է ձևավորվել միայն նոր ընտրությունների միջոցով։

Առավել մանրամասն՝ տեսանյութում