Մինչ պետությունները մեկը մյուսի հետևից հայտարարում են նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակը հաղթահարելու մասին՝ Հայաստանում իրավիճակը գնալով ահագնանում է: Իշխանությունները զբաղված են մեղավորներ փնտրելով, վարչապետը ընդհատակյա հարսանիքներ է ջրի երես հանում, առողջապահության նախարարն էլ ֆեսյբուքյան իր էջում սարկաստիկ գրառումների մրցույթ է հայտարարել՝ փորձելով խփել ինքն իր ռեկորդները: Իսկ ինչո՞վ են այս ընթացքում զբաղված եղել Թորոսյանի արտասահմանյան կոլեգաները: Օրինակ՝ Վրաստանի առողջապահության նախարարը, ում աշխատանքի արդյունավետությունը կասկածի տակ էր դնում հավաճարակի դեմ պայքարը գլխովին տապալած Արսեն Թորոսյանը:

 

Վրաստանի առողջապահության նախարարությունը, Արսեն Թորոսյանի վրացի գործընկեր Եկատերինա Տիկարաձեի գլխավորությամբ, ի սկզբանե լուրջ էր մոտեցել կորոնավիրուսին և որդեգրել էր ռիսկերի կառավարման ճիշտ մեթոդաբանություն: Վրաստանում COVID-ով վարակված պացիենտների հայտնաբերման եւ գրանցման գործընթացն իրականացվում է ամենաբարձր միջազգային ստանդարտներին համապատասխան: Վրաստանում գործում է բարձրագույն մակարդակի «Լուգար» ինքնատիպ լաբորատորիան, որտեղ բոլոր լաբորատոր փորձերն անցկացվում են ամենաբարձր մակարդակով եւ թեստավորման հանակարգերի որակով, եւ սա բացառում է ամեն տեսակի անճշտությունները: Ներդրվել են COVID-19-ով պացիենտների կառավարման, բոլոր պացիենտների, այդ թվում անախտանիշ եւ թեթեւ պացինետների, ժամանակին եւ ճշգրիտ ախտորոշման արդյունավետ համակարգ, եւ ծանր ու ծայրահեղ ծանր պացիենտների կլինիկական կառավարման բարձր ստանդարտներ: Նաեւ օգտագործվում է ինովացիոն մեթոդաբանություն, որն արդարացվում է մահվան դեպքերի փոքր քանակությամբ: 


Թորոսյանի ռուս կոլլեգան` Միխայիլ Մուրաշկոն, նույնպես ձեռքերը ծալած չէր նստել: Վերապատրաստվել է կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված բժշկական անձնակազմը, ՌԴ մարզերը ապահովվել են թեստերի անհրաժեշտ քանակով: Հայտնաբերվել է 88693 կոնտակտային անձ, վերահսկողության տակ են՝ 81947-ը: Ավելորդ է ասել, որ ՌԴ-ում արդեն իսկ սկսել են վակցինայի թեստավորումը: Բուժանձնակազմին տրվել են դրամական խրախուսումներ և հավելավճարներ: Բժիշկները, ովքեր պայքարում են համաճարակի դեմ, վարձատրվում են երեք դրույքաչափի չափով: 


Թե ինչով է զբաղված Արսեն Թորոսյանը՝ հայ հասարակության համար գաղտնիք չէ: Վերջինս ի սկզբանե անլուրջ մոտեցում էր ցուցաբերում նոր տիպի կորոնավիրուսի հանդեպ՝ հապաղելով դիմել գործնական և կանխարգելիչ քայլերի: Թորոսյանը ամբողջությամբ չի օգտագործել այն մասնովար ԲԿ-ների ներուժը, որտեղ ի ցավս վարակակիրների՝ չէին աշխատում իր ընկերները, բացի այդ էլ՝ իր ողջ ազատ ժամանակը, իսկ այդպիսին ընդհանրապես չպետք է ունենար համաճարակի ճիրաններում գտնվող երկրի առողջապահության նախարարը, անցկացնում էր ֆեսյբուքում՝ քաղաքական հակառակորդների դեմ սառկազմով լի և հեգնող գրառումներ անելով…