Այսօր՝ հունիսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 02:00-ի սահմաններում Տավուշի մարզի բակիչ, 59-ամյա Սամվել Առաքելյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գառնի ավտոճանապարհի Գառնի գյուղի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել հողաթմբին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում:
Վթարի հետևանքով ուղևոր, Անահիտ Դանիելյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Ս. Առաքելյանը, մյուս ուղևորներ, Երևանի բնակիչներ, 63-ամյա Անդրանիկ Մարկոսյանը, 53-ամյա Անահիտ Առաքելյանը և 47-ամյա Արտակ Մարտոյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղացիները և օպերատիվ են գործել Գառնի գյուղի բժշկական ամբուլատորիայի բժիշկներն ու շտապօգնության բրիգադը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածին ու վիրավորներին քաղաքացիներն հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս և վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Արմեն Մելոյանն ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Տ. Քոթանջյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական կենտրոնի թիվ 17 ջոկատը՝ հրամանատար Վահե Պետրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժանմունքի պետ Գառնիկ Մաթևոսյանի, և հատկապես կաևոր գործերով ավագ քննիչ Վիգեն Մարգարյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Գառնիի բաժանմունքի համայնքային ոստիկանության տեսուչ Լեռնիկ Գրիգորյանն ու նույն բաժանմունքի ՊՊԾ խմբի ոստիկան Արայիկ Հովհաննիսյանը: Տեղում քննչական աշխատանքները ղեվավարող Վ. Մարգարյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, ապա դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ժամեր անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Ա. Մարտոյանը գիտակցության չգալով՝ մահացել է: Փաստի առթիվ Վ. Մարգարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզզուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ամբողջական տվյալները: