ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը 2018-ին փողոցային բողոքի ցույցերի արդյունքում իշխանության է եկել, առաջին անգամ բախվեց իր հրաժարականի պահանջով զանգվածային ցույցի: Այն բանից հետո, երբ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) կոչ արեց հարցաքննել ամենամեծ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, որը քննադատում էր վարչապետին «բոլոր ոլորտներում ձախողման համար», հարյուրավոր ցուցարարներ հավաքվել էին նախարարության պատուհանների տակ՝ «Նիկոլ, հեռացիր» կարգախոսով: Հակամարտությունը ընդդիմությանը դրդեց միավորվել:

Կիրակի վաղ առավոտից Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը խուզարկում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Երևանի մոտակայքում՝ Առինջ գյուղում գտնվող առանձնատունը: Այս կուսակցությունը ՀՀ խորհրդարանում տեղերի քանակի առումով երկրորդ տեղում է։ ԲՀԿ-ական պատգամավորները լրագրողներին ասացին, որ խուզարկությունը կապված էր Մարտունու 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառելու ենթադրյալ փորձի հետ: Հատկանշական է, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը փոխարինեց Հայաստանի բոլոր իրավապահ մարմինների ղեկավարներին՝ ներառյալ ԱԱԾ-ին: Ծառայության նոր ղեկավարը 29-ամյա Արգիշտի Քյարամյանն է, ով այդպիսի երիտասարդ տարիքում ստացել է գնդապետի կոչում:

Ընդդիմադիր Գագիկ Ծառուկյանը կտրականապես մերժում է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները և դրանք անվանում «քաղաքական հետապնդում»: «Իհարկե, սա քաղաքական հետապնդում է», - ասել է նա լրագրողներին: «Ես ասացի, որ նրանք (Նիկոլ Փաշինյանի կառավարությունը) չեն կարող հաղթահարել իրավիճակը: Հիմա երկրում համաճարակ է մոլեգնում, երեք ամսից սով կլինի: Բայց ես պայքարելու եմ։ Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ»,-ասել է Ծառուկյանը:

Ինչպես «Կոմերսանտ»-ին ասել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ և ԲՀԿ անդամ Վահե Էնֆիաջյանը, կուսակցությունը պատրաստ է «կիրառել օրենքով նախատեսված բոլոր միջոցները՝ դադարեցնելու այդ անօրինականությունները»: