ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում ընթանում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը։ «Ակնկալում եմ օբյեկտիվ քննություն, չեմ կարող ասել՝ ինչի հետ է կապված այս վարույթը։ Հավանաբար, ինչ-որ խախտում գտել են։ Մենք կփորձենք պաշտպանվել, որի հիմքերն ունենք։ Եթե իմ դեմ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը բավարար համարեի, սուսուփուս մեղքս կընդունեի, էլ ինչո՞ւ էի գալիս պաշտպանվելու», - ԲԴԽ շենքի բակում լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Ազարյանը։ Հարցին՝ ՀՔԾ ղեկավարի կողմից անձնական վերաբերմունք տեսնո՞ւմ է, Ալեքսանդր Ազարյանը պատասխանեց. «Հատուկ քննչական ծառայության պետն ո՞վ է, որ ինչ-որ հատուկ վերաբերմունք ունենա իմ հանդեպ, կամ՝ ոչ։ Կամ ես ինչո՞ւ պետք է կաշկանդված լինեմ իր վերաբերմունքով», - ասաց Ազարյանը։ Անդրադառնալով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին դատակոչելու միջնորդությանը՝ Ազարյանն ասաց, որ իր փաստաբանը պատրաստվում է նման միջնորդությամբ հանդես գալ։ Դատավորն ասաց, որ օրվա իշխանությունների հետ ինքը խնդիր չունի, և միգուցե իշխանության տարբեր ճյուղերի նկատմամբ խնդիր ունեն։ «Ես արդարադատություն եմ իրականացնում՝ անկախ նրանից այդ արդարադատությունն ում դուրը կգա, ում դուրը չի գա։ Սա է ամբողջ խնդիրը։ Պետք է հասնել այդ մակարդակին, որ արդեն հանրությունը, առաջին հերթին իշխանությունները, երկրորդ հերթին հանրությունը հասկանան, որ դա է դեմոկրատիայի սկզբունքը», - նշեց դատավորը։