Միջազգային կառույցները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները: Տարբեր կենտրոններից հնչում են արձագանքներ՝ կապված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումների հետ: Բոլոր արձագանքներն էլ, սակայն, հանգում են մեկ ընդհանուր հայտարարի՝ միջազգային կազմակերպությունները, դեսպանները, քաղաքական ուժերը ՀՀ իշխանություններին իրենց անհանգստությունն ու մտահոգությունն են հայտնում՝ կապված Ծառուկյանի անձի շուրջ տեղի ունեցող գործընթացների իրավաչափության հետ:
Դիցուք՝ երեկ Թվիթերի իր միկրոբլոգում գրառում էր կատարել ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը: ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով և կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից, և ԵԺԿ նախագահը հարկ է համարել այդ մասին բարձրաձայնել: Փաստացի, անգամ ԵԺԿ պաշտոնյան, ում կուսակցությունը Եվրոպայի Խորհրդում առաջատար դիրքերում է, իր անհանգստությունն է հայտնում տեղի ունեցող զարգացումների շուրջ:
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի ու ԱԺ տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հետ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը նաև ներկայացրել են իրենց տեսլականը հայաստանյան ներքաղաքական օրակարգի որոշ հայեցակարգային հարցերի շուրջ: Օրեր առաջ էլ իր ասուլիսի ընթացքում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կայունության կողմնակիցն է և շահագրգռված է, որ Հայաստանում հասարակական համաձայնություն լինի։
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդման մասին կոշտ հայտարարությամբ է հանդես եկել նաև ՌԴ «Ռոդինա» կուսակցությունը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անցել է բացահայտ իրավական տեռորի՝ ձգտելով ամեն գնով լռեցնել քաղաքական հակառակորդներին: Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ այդ քաղաքականությունը խստորեն դատապարտվում է: