Այն Սահմանադրությունը, որի գրմանը ես մասնակցել եմ, դրանով սահմանադրական փոփոխությունները ենթակա են նախնական սահմանադրական վերահսկողության. ՍԴ-ն նման նախագիծ, նման փաստաթուղթ չի քննարկել: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:
«Այն Սահմանադրությունը, որը գործում է, այնտեղ չի գրված, որ եթե սահմանադրական փոփոխությունները վերաբերվելու են ՍԴ-ին, դա ենթակա չէ նախնական սահմանադրական վերահսկողության»,-ասաց նա՝ չցանկանալով գնահատականներ տալ ԱԺ կողմից արված սահմանադրական փոփոխություններին:
«Կա իրավական սկզբունք՝ առոչինչ իրավական ակտերին անձը ոչ թե իր իրավունքն է դրանց ենթարկվել կամ չենթարկվելը այլ ինքը իրավունք չունի դրան ենթարկվել»,-ընդգծեց Հրայր Թովմասյանը:
Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, ըստ որի, գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս ԱԺ պատգամավորներին սահմանադրական փոփոխությունների հարցով դիմել ՍԴ, Թովմասյանը նշեց․ «Ես ոչ Էդմոն Մարուքյանի խորհրդատուն եմ, ոչ էլ ԱԺ կանոնակարգ օրենքի փորձագետ եմ, որ իրենց խորհուրդ տամ, թե ոնց են դիմում, ինչ են դիմում, կամ կարդալուց ոնց ընկալել։ Թե ովքեր կարող են դիմել ՍԴ, հստակ սահմանված է Սահմանադրության 189-րդ հոդվածում»։
Հրայր Թովմասյանը նշեց, որ ինքը որպես իրավաբան երեկ Ազգային ժողովում տեղի ունեցածի համար ամոթի զգացում ունի։
Դիտարկմանը, թե նախագծով նա դառնալու է ՍԴ դատավոր, իրեն այդ կարգավիճակում պատկերացնո՞ւմ է, Թովմասյանը պատասխանեց․ «Ես այդպիսի նախագիծ չեմ տեսել»։
Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, Թովմասյանը նշեց․ «Ես առիթ կունենամ իմ կյանքի մի փուլում անդրադառնալ այդ կարծիքին և գնահատական տալ և′ իրավական, և′ քաղաքական առումով»։
Հարցին՝ տհաճ չէ՞ աշխատել մի տեղ, երբ իշխանությունից անընդհատ ասում են Հրայր Թովմասյանը լեգիտիմ չէ, չի վայելում ժողովրդի վստահությունը և պետք է հեռանա, Թովմասյանը պատասխանեց․ «Հրայր Թովմասյանի համար նախկին իշխանության, նոր իշխանության ասածները հարյուրերոդական են։ Ես գլուխս կախ գալիս եմ աշխատանքի և գնում եմ»։
Անդրադառնալով իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների պնդումներին, որ ինքը նախկին իշխանությունների վերջին փրկօղակն է, Թովմասյանը պատասխանեց․ «Նման գնահատականները մերկապարանոց հայտարարություններ են, եթե դրանք հիմքում կոնկրետ բան չկա»։