Հայ ժողովուրդը պիտի ունենա շարունակականություն, դպրոցներում երեխաները պիտի սերտեն պատմություն, որովհետև մեզ միշտ պահպանել է եկեղեցին, ընտանիքը և ազգային արժեքները: Ներկա իշխանությունը եկել է դրանք վերացնելու: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Նախկին պատգամավորի հետ խոսել ենք այն նախագծի մասին, ըստ որի առաջարկվում է վերացնել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը 5-6-րդ դասարաններում, իսկ դրանից հետո չի մասնավորեցվում, թե ինչ առարկաների մասին է խոսքը:
Նա կարծում է, որ օր առաջ պետք է Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից. «Քանի դեռ իշխանության է Նիկոլ Փաշինյանը և նրա «քայլիստների» խումբը, դպրոցներից ոչ միայն «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան է հանվելու, այլև «Հայ ժողովրդի պատմությունը»-ը:
Եսայանը կարծում է, որ իշխանությունը նպատակ ունի վարկաբեկել, մոռացության մատնել Հայ ժողովրդի պատմությունը. «Նիկոլ Փաշինյանը ու նրա «քայլիստները» ամեն ինչ անելու են, որպեսզի հայ ժողովուրդը մոռանա իր պատմությունը, Արցախյան հերոսամարտը, Քառօրյա պատերազմը: Նրանք մեր երկիրը, մեր պետականությունը տանում են մոռացության»:
ՀՀԿ նախկին պատգամավորը համոզված է, որ հիմա ժողովրդի գործելու ժամանակն է. «Հասարակությունը պետք է օր առաջ հեռացնի Նիկոլ Փաշինյանին»:
Հիշեցնենք, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը նախատեսված է 2007 թվականի փետրվարի 22-ին ընդունված ՀՀ և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին ՀՀ օրենքով: