ՀՀ Ոստիկանությունը խոչնդոտում է հեռուստաընկերության աշխատանքը, հայտարարում է «Մեդիա պաշտպանը»՝ գրելով. «Դիմակ պահանջելով հեռուստաստուդիա մտնելը ինչ-որ քայլող տղաների ու աղջիկների ցանցառությունը չէ, ոչ էլ Կարգին Հայկոյի սարքած զավեշտը, այլ պետական քաղաքականություն։

Տղաները և աղջիկները համարում են, թե քանի որ իրենք հեռացրել են նախկին ռեժիմին, ուրեմն մեր նկատմամբ ինչ ուզեն, կանեն։ Նաև՝ կուզեն համավարակի դեմ չեն պայքարի, քանի որ իրենց պետք է այս համավարակը։ Հիմա տեղը չէ անդրադառնալու, թե համավարակի քողի տակ որքան հակաժողովրդական, հակաժողովրդավարական և հակասահմանադրական օրենքներ են ընդունել, համավարակի քողի տակ քանի քաղաքացու են տուգանել և ասֆալտին պառկեցրել՝ անպատժելիության և սարսափի մթնոլորտ տարածելով երկրում, համավարակի քողի տակ բյուջեից որքան գումար է մսխվել, կամ ծախսվել մեծ կոռուպցիոն ռիսկերով գործարքներ կատարելու։ Հիմա պետք է դատապարտենք համավարակի քողի տակ լրատվամիջոցների դեմ պատժիչ գործողությունները։

Դեռևս 2018թ․-ից ենք նախազգուշացնում, որ մամուլը Նիկոլ Փաշինյանի թիրախում է, մամուլի հանդեպ պարբերաբար հարձակումներ են եղել՝ սկսած ֆեյքերից ու դատական գործերից, մինչև խմբագրությունների ներխուժում, լրագրողներին ոստիկանության կողմից ծեծի ենթարկել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Սահմանադրական դատարանի հարցերը լուծելուց հետո բոլոր դատարաններն այլևս հպատակված են և լրատավամիջոցներին պաշտպանող չի մնացել, և ուրեմն՝ կարելի է սկսել նրանց հանդեպ կազմակերպված նոր հարձակում։

Այսօր ոստիկանությունը մտել է Արմնյուզ և TV 5 հեռուստաընկերությունների խմբագրություն և հաղորդավարների դիմակ չկրելու առիթով վարչական վարույթ է հարուցել։ Ընդ որում, պարզվել է, որ հեռուստատեսության ոլորտը կարգավորող մարմինը՝ ՀՌՀ-ն նշել էր, որ եթերում դիմակ կրելը պարտադիր չէ։ Այսինքն'բարձր իշխանությունների կողմից ՀՌՀ-ը կրկին դիտարկվում է որպես հեռուստաընկերություններին պատժող ու փակող մարմին, իսկ նրա տված այլ կարգավորումների ու բացատրությունների իրավունքը բարձր իշխանությունը չի ընդունում։

Ակնհայտ է նաև, որ համաճարակը և դրանից անկախ երկրում ստեղծված իրավական ու կառավարչական քաոսը ձեռնտու է իշխանություններին, քանի որ նրանք ամեն պատժամիջոց կարող են արդարացնել իրար հակասող այն մեկնաբանությամբ, որն իրենց առավել սիրելի է այդ պահին։ Երբ վարակակիր ԱԺ պատգամավորները ակնհայտ քրեական հանցանք են գործում և մասնակցում են խորհրդարանի նիստերին, երբ իշխանությունները չեն կարողանում տեր կանգնել ոչ միայն մեր կյանքերին, այլ անգամ մեր դիակներին, անդիմակ հաղորդավարներին տուգանելը երեսպաշտություն էլ չէ, այլ ուղղորդված հանցագործ արշավ մեդայի դեմ։

Իհարկե, դժվար է ապրել մի երկրում, որտեղ չկան խաղի կանոններ, որտեղ իշխանություններն իրենց ամեն գործողության համար կարող են մի բան բստրել։ Առավել դժվար է, երբ այդ հորինավածքներով փորձում են պայքարել լրատվամիջոցների դեմ, որոնք առավել տեսանելի են հասարակության համար, և այդ պատժամիջոցները հասարակության շրջանում բազմապատիկ էֆեկտ են թողնում։

Մինչ այժմ մեդիան իր իրավունքները պաշտպանել է, ոչ թե պետության շնորհիվ, այլ ի հեճուկս պետության, լրատվամիջոցների միասնականությամբ և հանրային օժանդակությամբ։ Կոչ ենք անում շարունակել և ամրապնդել այս միասնականությունը, միայն դրանով կհաղթահարենք այս ճգնաժամը։

Հ․Գ․ Ցավալի էր կարդալ ՀՌՀ ղեկավարի բացատրությունը, որը դժգոհում է լրատվամիջոցներից նրա համար, որ իրեն լուրջ են ընդունել»։