2020թ. հուլիսի 5-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, Բագրատունյաց պողոտայում ծառայություն իրականացնող ոստիկաններին է մոտեցել «Օպել Աստրա» մակնիշի տաքսու տարբերանշանով ավտոմեքենա, որի սրահից վերջիններիս հասցեին հնչեցվել են վիրավորական արտահայտություններ եւ հայհոյանքներ:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ոստիկանության ծառայողները, նկատելով, որ ավտոմեքենայի սրահում գտնվող ուղեւորները դիմակ չեն կրում եւ խախտել են ՀՀ պարետի որոշումը, պարեկային ավտոմեքենայով հետապնդել են նշված ավտոմեքենան' այնտեղ գտնվող անձանց նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություններ կազմելու համար:

Կանգնեցնելով վերոնշյալ ավտոմեքենան՝ ոստիկանության ծառայողներից մեկը մոտեցել է ավտոմեքենայից իջած երիտասարդներին: Նրանցից մեկը՝ Գյումրի քաղաքի 20-ամյա բնակիչը, բռունցքով հարվածելով ոստիկանության լեյտենանտի դեմքին, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրա նկատմամբ, որից հետո վիճաբանություն եւ քաշքշուկ է սկսվել, որին միջամտել են տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայողները: Վիճաբանության ընթացքում նույն ավտոմեքենայի մեկ այլ ուղեւոր՝ Երեւան քաղաքի 17-ամյա բնակիչը, բռունցքով հարվածելով ոստիկանության կրտսեր սերժանտի ականջին, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրա նկատմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում 20-ամյա երիտասարդը ձերբակալվել է, իսկ Երեւան քաղաքի անչափահաս բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողության հանձնելը:

Կատարվում են քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: