ՀՀ կառավարության՝ ապրիլի 23-ին տեղի ունեցած նիստի ժամանակ, որոշում կայացվեց, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի մշակույթի պետական քոլեջ» և «Երևանի էստրադային ու ջազային արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլվելու են՝ ստեղծելով ԿԳՄՍՆ «Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Հունիսի 22-ի մեկ այլ որոշմամբ՝ քոլոջը վերանվանվել է «Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջ»: Այժմ կառույցը ղեկավարում է 3 հոգի. նախկին տնօրեններ Տիգրան Դավթյանն ու Վրեժ Կիրակոսյանը և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից նշանակված Ստեփան Բաբաթորոսյանը: Վերջինս նախարարի խորհրդականի հոր ընկերն է: ԿԳՄՍՆ-ից աշխատակիցներին ասել են՝ դիմում գրե՛ք, ազատվե՛ք, իսկ նորանշանակ ղեկավարը Դավթյանին և Կիրակոսյանին հրամայել է ազատել աշխատասենյակները: ԼՈՒՐԵՐ.com-ի լրագրողը թեմայի վերաբերյալ զրուցել է «Երևանի էստրադային ու ջազային արվեստի պետական քոլեջ»-ի կադրերի տեսուչ Քրիստինե Կարապետյանի և «Երևանի մշակույթի պետական քոլեջ»-ի կադրերի տեսուչ Սիրան Հակոբյանի հետ: