«Հասարակության մի զանգված չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը: Նախ՝ ի՞նչ է նշանակում բնակիչ. ենթադրենք՝ ես սեփականատիրոջ զավակն եմ, ներկայացնում եմ մեր ընտանիքը: Սեփականատիրոջ իրավունքները պաշտպանված են մեր Սահմանադրությամբ: Ֆիրդուսի հետ կապված ամբողջ գործընթացը սկսվում և ավարտվում է մեքենայնություն կոչված մտքով»,-այս մասին այսօր ասաց արվեստագետ, Ֆիրդուսի բնակիչ Արա Շահումյանը՝ Ֆիրդուսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Գերակա շահ հասկացությունը պետք է լինի գերակա՝ որևէ կարևոր բանի համար, ոչ թե ինձանից վերցնեն, տան ինչ-որ օլիգարխի: Այս խնդիրը սկսվում և ավարտվում է սեփականատիրոջ իրավունքների ոտնահարմամբ: Սա մշակույթ է, որը երեսուն տարի մտել է մեր քաղաքական, տնտեսական համակարգի մեջ, որի միջոցով գումար են աշխատում: Ինչ-որ թվեր են նշում՝ 20 մլն, 200 մլն, որոնք պետության համար գումար չեն, դա կարող է զարմացնել միայն անհատներին: Պետությունը 200 միլիոնի համար անհանգստացնում և այսքան մարդու պահում է անարդարության մեջ. սա ուղղակի անհավանական է»,-նշեց արվեստագետը:
Շահումյանի խոսքով՝ բոլորս մասնակցել ենք հեղափոխությանը և հույս ենք ունեցել, որ կկառուցենք իրավական երկիր: «Եթե անգամ բնակիչը չի գիտակցել և վաճառել է քաղաքի կենտրոնի իր տունը և գնացել է գյուղում ապրելու, տվյալ բնակչի շահը անգամ պետությունը պարտավոր է պաշտպանել: Ես նման պետականության երազողն եմ, և դա ունենալու համար ամեն ինչ անելու եմ»,-նշեց բնակիչը՝ եզրափակելով. «Ուրախ եմ, որ նման մտածողությամբ ես միակ բնակիչը չեմ: Մենք ձգտում ենք, որ օրենքը աշխատի հօգուտ մեր մշակույթի, ոչ թե մեկ անհատի»: