Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ստորագրել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին հրամանագիրը՝ չեղարկելով 1934 թվականին Թուրքիայի իշխանությունների կողմից տաճարը թանգարանի վերածելու որոշումը:

 

Ըստ Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության՝ Ֆրանսիան ցավում է Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշման համար: 

ԼՈՒՐԵՐ․com-ը հետաքրքրվեց ֆրանսաբնակ երիտասարդներից՝ որքանո՞վ է իրենց կարծիքը համընկնում իրենց իշխանության հետ։

Ֆրանսիաբնակ Cci campus école վարժարանի ուսանողուհի Քենդի Գրեյը ասում է, որ Թուրքիան մուսուլմանական երկիր է, և այնտեղ ապրում են 50% մուսուլմաններ, բայց չեն կարող մոռանալ այն փաստը, որ այնտեղ ապրում են նաև քրիստոնյաներ․ «Թուրքիան իր ծածկի տակ է ընդունել բազում քրիտոնյաների, և հիմա ինչու՞ հանկարծ որոշեց Սուրբ Սոֆիայի տաճարը, որը համարվում է նաև քրիստոնյաների տունը, վերածել մզկիթի։ Որոշ քրիստոնյաների համար դա վայր է, որտեղ կարող են գտնել իրենց ներքին հանգստությունը, ինչու՞ վերացնել այդ վայրը։ Ես շատ եմ ցավում դրա համար»,- ասաց Քենդի Գրեյը։

Ըստ Լիոնի Ժան-Մուլեն համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Սուսաննա Պետրոսյանի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը պետք է մնա, քանի որ այն երկրի խորհրդանիշն է․ «Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելով՝ Թուրքիան ցույց է տալիս, որ ինքը դեռ հետամնաց է և պատրաստ չէ ընդունել այլ մշակույթներ՝ բացի իսլամից։ Այդ կրոնական, պատմական և ճարտարապետական կառույցը պետք է պահպանվի։ Թուրքիան պետք է հանդուրժի  մյուս կրոնները ևս, այլ ոչ թե չհանդուրժելով՝ զարգացած ձևանա»,— նշեց ուսանողուհին։

Մեկ այլ ուսանողուհի Էդդին Էնսն էլ ասաց, որ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը կարող է լարվածություն առաջացնել քրիստոնյաների շրջանում․ «Մի փոքր զարմանալի է այս ամենը, քանի որ այն տարիներ շարունակ եղել է պատմական կոթող։ Ավելի լավ կլինի, որ մնա այն պատմական հուշարձանի կարգավիճակում, որում երկու կրոնները կարող են ճանաչել միմյանց։ Ամեն դեպքում դա Էրդողանի քաղաքական ռազմավարությունն է»,- ընդգծեց ուսանողուհին։

«Միանշանակ, սխալ է տաճարը մզկիթի վերածելը, սակայն պետք չէ զարմանալ, քանի որ Թուրքիայի ղեկավարությունը միշտ էլ ունեցել է ամբողջ աշխարհից տարբերվելու քաղաքականություն․ նրանք միշտ վարվում են այնպես, ինչպես իրենց է ձեռք տալիս։ Իրենց համար չկա սրբություն, չկան պատմամշակութային արժեքներ և չկան գաղափարներ․ շատ հեշտ միջոց է ժողովրդին զոմբիացնելու դեպի կրոնը»,- մեզ հետ զրույցում ասաց ֆրանսական René Cassin  վարժարանի ուսանողուհի Լինա Գոլուշյան։

Լիոնի Ժան-Մուլեն համալսարանի մեկ այլ ուսանող Գայանե Բեգյան անունով ևս դեմ է Էրդողանի որոշմանը․ «Դեմ եմ, քանի որ դա ինձ համար լուրջ խախտում է, լուրջ հարձակում հունական եկեղեցու վրա»,- եզրափակեց ուսանողուհին։