Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով հայ ժողովրդի ազգային նպատակները։

 

Վարչապետը, մասնավորապես, գրել է․

«Ազգային նպատակներ

Հայ ժողովրդի ազգային նպատակներն են՝

- Հայկական պետության հավիտենության համար անհրաժեշտ գաղափարական, անվտանգային, հանրային, քաղաքական, իրավական, տնտեսական, ժողովրդագրական, միջազգային, կրթական, ինտելեկտուալ, մշակութային՝ ինստիտուցիոնալ պայմանների ապահովումը:

- Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ առանց որևէ սահմանափակման:

- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևանքների հաղթահարումը և վերացումը:

- Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության, բարեկեցության, ազատության և երջանկության, ինչպես նաև հանրահռչակ մյուս իրավունքների ապահովումը և պաշտպանությունը:

- Օրենքի առաջ բոլորի հավասարությունը, կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, հանրային, պետական, տնտեսական կյանքում ներգրավվելու կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովումը, իրավունքների պաշտպանության և պարտականությունների կատարման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը:

- Հայ ժողովրդի ազգային-պետական ինքնության, ինքնուրույնության և ինքնիշխանության պահպանումը և զարգացումը, ներառյալ ազգային ինքնության վերականգնումը և զարգացումը ազգային ինքնագիտակցությունից հեռացած և հեռացող եւ ընդհանրապես՝ հայության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցողների թիվը էականորեն մեծացնելու միջոցով:

- Համահայկական ներուժի համախմբումը ազգային նպատակների իրագործման շուրջ՝ հանուն ազգային արժեքների պահպանման և զարգացման:

Համակեցության համահայկական կանոններ

1. Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից: Բոլոր այն ուժերը, անհատները, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայկական որևէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն: Բռնությունից զերծ հանրության, բռնությունից զերծ ժողովրդի տեսլականը պետք է մեր համազգային միավորման անկյունաքարային դրույթը դառնա: Ասվածը չի կարող վերաբերել օրինական ուժի կիրառմանը՝ հանցագործությունների կանխման և բացահայտման, հանրության բնականոն կյանքի ապահովման, ինչպես նաև արտաքին ագրեսիայից հայրենիքի պաշտպանության նպատակով:

2. Ժողովուրդը և նրա ազատ կամարտահայտությունը իշխանության ձևավորման միակ աղբյուրն է: Ժողովրդի ազատ կամքի աղճատման, աղավաղման ցանկացած փորձ պետք է դիտարկվի որպես հակապետական, հակազգային գործունեություն:

3. Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է: Օտար ուժերին ներհայկական, ներհայաստանյան հարցերի լուծմանը ներգրավելու, մեր երկրում որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ հանդես գալու պատրաստակամություն ունեցող ուժերը պիտի արժանանան հայ ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ Հայաստանի կառավարության կոշտ հակազդեցությանը:

4. Հայաստանը և Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից. կոռուպցիայի բոլոր դրսևորումները, այդ թվում՝ հովանավորչությունը, արհեստական մենաշնորհները, մրցակիցների նկատմամբ արհեստական խոչընդոտներ հարուցելը պետք է արմատախիլ արվեն, կոռուպցիոն գործունեության արդյունքում պետությանը և ժողովրդին հասցված նյութական վնասները պետք է վերականգնվեն:

5. Իրավունքի և օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, իրավունքների պաշտպանությունը և պարտականությունների կատարումը պետք է դառնան ներազգային հարաբերությունների առանցք: Արտաքին կամ ներքին ազդեցությունների տրվող դատարանների գոյությունը սպառնալիք է ազգային անվտանգությանը: Դատարանները պետք է լինեն անկախ: Տնտեսության, քաղաքականության մեջ և հանրային կյանքի որևէ բնագավառում արտոնյալ խավի, շրջանակների, անհատների առկայությունը պետք է բացառել:

6. Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը: Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում։

Մենք և աշխարհը

Հայաստանն իր ողջ պատմության ընթացքում գտնվել է «արևելքի արևմուտքում» և «արևմուտքի արևելքում»՝ հաճախ դառնալով քաղաքակրթությունների բախման թատերաբեմ: Մենք մերժում ենք քաղաքակրթությունների բախման կանխավարկածը և միջազգային հարաբերություններում մեզ դիրքավորում որպես քաղաքակրթությունների երկխոսության ջատագով: Միջազգային և ազգամիջյան երկխոսությունը արտաքին հարաբերությունների մեր առանցքային տեսլականն է՝ հիմնված փոխադարձ հարգանքի, հասկանալու և հասկանալի դառնալու ձգտման վրա:

Քաղաքակրթությունների, ժողովուրդների, պետությունների երկխոսությանը և բազմակողմ հարաբերություններին նպաստելը պիտի դառնա միջազգային խաղաղությանն ու կայունությանն աջակցելու մեր հանձնառության արտահայտությունը: Հայաստանը պատրաստ է դառնալ նման երկխոսության հարթակ»: