Այն հակամարմիններից մեկը, որը հայտնվում է ծանր տեսակի կորոնավիրուսային վարակ տարած մարդկանց արյան մեջ, չի ճնշում վիրուսին, այլ հարուցում է հզորագույն բորբոքումներ: Այս եզրակացությանն են հանգել նիդեռլանդացի կենսաբանները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ խնդրի հնարավոր հետևանքները և դրա դեմ պայքարի եղանակները գիտնականները նկարագրել են bioRxiv էլեկտրոնային գիտական գրադարանի համար հրապարակված հոդվածում:

«Մենք հայտնաբերեցինք, որ ծանր տեսակի հիվանդության կրողների արյան պլազմայից հակամարմինները, որոնք կարող են միանալ նոր տիպի կորոնավիրուսի փշաձև սպիտակուցին, մակրոֆագ բջիջների հետ փոխազդելիս շատ հուժկու բորբոքային պատասխան են հարուցում: Դրանով է բացատրվում, թե ինչու է այն պահին, երբ «միանում է» ադապտացիոն իմունիտետը, շատ պացիենտների առողջական վիճակը կտրուկ վատթարանում»,- գրում են հետազոտողները:

Ընթացիկ տվյալների համաձայն՝ նոր տիպի կորոնավիրուսով (SARS-CoV-2) վարակման պատճառով խախտվում է հիվանդների իմունիտետի աշխատանքը, ի հայտ են գալիս զանգվածային բորբոքումներ, միկրոթրոմբներ և այլ խնդիրներ, որոնք սպառնում են պացիենտի կյանքին ոչ միայն COVID-19-ի հետ մեկտեղ, այլև ինքնուրույնաբար:

Այժմ գիտնականները փորձում են հասկանալ, թե ինչու են դրանք առաջանում և թե ինչպես խանգարել դրանց ի հայտ գալուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: