Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որին երևանցիներն հատուկենտ անգամներ տեսան համավարակի օրերին, հունիսին կրկին կարգադրություն է ստորագրել պարգևատրումների մասին։ 539 Ա կարգադրությունը թվագրված է հունիսի 5-ի ամսաթվով, սակայն քաղաքապետարանի պաշտոնական էջ ավելի ուշ է ներբեռնվել։ 
«Աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ և պատշաճ կատարելու համար՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին խրախուսել դրամական պարգևատրմամբ՝ Երևան քաղաքի 2020թ-ի. մայիս ամսվա բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին՝ համաձայն հավելվածի»,- ասված է կարգադրության մեջ։ Այսպես, քաղաքապետարանի պաշտոնական կայքից հանված նկարից կարող եք տեսնել, որ հունիս ամսվա հրապարակված կարգադրություններում կա մի բացթողում` 538-Ա կարգադրությանը հաջորդում է 541-Ա-ն։ Երկու կարգադրություն չի հրապարակվել։ Չիմացողի համար սա կարող է թվալ ընդամենը տեխնիկական վրիպակ, իսկ մեր հին նորերին լավ ճանաչողները կենթադրեն, որ մի բան այն չէ։ Ահա թե ինչը: Թիվ 539-Ա չհրապարակված կարգադրության տակ թաքնված է քաղաքապետի կողմից տրված 6.7 միլիոն դրամ պարգևատրում: Փաստորեն փորձ է արվել թաքցնել այս փաստաթուղթը, որն ունի մեկ ամսվա վաղեմություն։ Համեմատելով պարգևատրվողների նախկին ու ներկա ցանկերը՝ կարելի է փաստել՝ պարգևատրվողները գրեթե նույն մարդիկ են։ 

 


Ինչպես միշտ պարգևատրվել են քաղաքապետի չորս տեղակալները, գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Նրանցից յուրաքանչյուրին, բացի աշխատավարձից, Երևանի բյուջեից տրամադրվել է 480 հազար դրամ։ Երևանի քաղաքապետի օգնական Կարեն Հարությունյանին տրամադրվել է 200 հազար դրամ, 13 վարչությունների պետեր ստացել են 280 հազար դրամ։ Բայց սա էլ դեռ ամբողջը չէ: Երևանի քաղաքապետարանի կայքում աշխատակիցների պարգևավճարների վերաբերյալ հերթական հրապարակումն է տեղ գտել: Ըստ այդմ՝ Երևանի քաղաքապետի 2020 թվականի հուլիսի 13-ի h. 700 կարգադրությամբ՝ 480.000-ական դրամով են պարգևատրվել քաղաքապետի 4 տեղակալները, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետն ու աշխատակազմի քարտուղարը: Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի և խոսնակ Հակոբ Կարապետյանի պարգևավճարային գումարի չափը 840.000-ական դրամ է: Ընդհանուր առմամբ քաղաքապետարանի աշխատակիցների ընդհանուր պարգևավճարային ֆոնդը կազմել է 47,053,217 դրամ: Երևանի քաղաքապետի 2020 թվականի հուլիսի 13-ի h. 700 կարգադրության համաձայն՝ 840 000-ական դրամով են պարգևատրվել նաև Երևան քաղաքի բոլոր 12 վարչական շրջանների ղեկավարները: Պարգևավճարային ֆոնդը վարչական շրջանների ղեկավարների մասով կազմել է 10,080,000 դրամ, իսկ առհասարակ՝ ընդհանուր պարգևավճարային ֆոնդը կազմել է 57,133, 217 դրամ: 

Տրամաբանական հարց է առաջանում, իսկ ի՞նչ են արել քաղաքապետարանի պաշտոնյաները և հատկապես վարչական շրջանի ղեկավարները՝ նման բարձր պարգևավճարների արժանանալու համար: Մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել, թե 2020 թվականին քանի անգամ է քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնվել հանրության առջև, որպես կանոն երևանցիները նրան ոչ տեսնում են, ոչ լսում: Մինչդեռ շատ հարցեր կան, որոնց մասին ցանկալի կլիներ լսել քաղաքապետի կարծիքը: Օրինակ, ինչպես գիտենք, Երեւանի, հատկապես Կենտրոնի բնակիչների համար շեշտակի բարձրացված գույաքահարկի գումարները մտնելու են Երեւանի քաղաքապետարանի բյուջե: Ու քաղաքապետարանի տարբեր պաշտոնյաներ հայտնել են, որ այդ գումարը իրենց շատ է անհրաժեշտ: Հետաքրքիր է` ինչ է մտածում այս օրինագծի ու դրա հետեւանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Լրատվամիջոցներին քաղաքապետարանից պատասխանել էին, որ «Երեւան համայնքին վերաբերող օրինագծերի վերաբերյալ Երեւանի քաղաքապետի դիրքորոշումը, այդ թվում՝ առաջարկները եւ/կամ առարկությունները սովորաբար օրենսդիր մարմին են ներկայացվում օրենքի ընդունման փուլում՝ համաձայն սահմանված ընթացակարգի»: Ստացվում է՝ ընդունված օրենքը նախապես Երեւանի քաղաքապետի հետ համաձայնեցվել է, ու Մարությանը համաձայնել է լրացուցիչ սոցիալական բեռ դնել երեւանաբնակների ուսերին: Նշենք նաև, որ քաղաքապետը այնքան ակտիվ է, որ կառավարության նիստերին չի մասնակցում։ Նա կա՛մ թքած ունի Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության վրա, կա՛մ կառավարությունում նրան «մարդու տեղ» չեն դնում եւ չեն հրավիրում նիստերին: 


Կորոնավիրուսի դեմ պայքարում շատ է խոսվում այն մասին, որ այն հաղթահարելը հիմնականում պայմանավորված է քաղաքացիների ինքնագիտակցության բարձրացմամբ: Ոստիկանական հաղորդագրությունների համաձայն՝ մինչ այժմ ազգաբնակչության շրջանում կազմվել է դիմակ չկրելու և ընդհանրապես արտակարգ դրության ռեժիմի պայմանները չպահպանելու շուրջ 45 000 վարչական ակտ, որի մոտ 90 տոկոսը Երևանում: Իսկ ի՞նչ է արել Երևանի քաղաքապետարանը իր պարտականությունների և լիազորությունների սահմաններում, որպեսզի այդ վարչական ակտերը չկազմվեին, որպեսզի Երևանը և երևանցին հնարավորինս մեղմ տաներ համավարակի հետևանքները. ըստ էության, գրեթե ոչինչ: Երևանի քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցները չեն շրջել քաղաքով, հնարավորինս չեն իրազեկել, սովորեցնելով, գործնական օժանդակություն ցուցաբերել տնտեսվարողներին՝ թե ինչպես պահել արտակարգ ռեժիմով պայմանավորված անհրաժեշտ աշխատանքային պայմանները, պատշաճ ախտահանում չեն իրականացրել հասարակական վայրերում և այլն, և այլն: 


Ինչո՞վ են աչքի ընկել պարգևատրված թաղապետերը, կհարցնեք դուք: Պատասխանը անչափ ուշագրավ է և բնավ չի ենթադրում առանձնահատուկ կերպով աշխատանքի գնահատում: Օրինակ՝ Շենգավիթի թաղապետը հասցրել է այս ընթացքում հայտնվել սկանդալի կիզակետում: Արաբկիրի թաղապետի դեմ բողոքի ակցիաներ են կազմակերպում հենց իր ենթակաները: Իսկ պատճառը այն է, որ Արամ Դանիելյանի որոշմամբ թաղապետարանի աշխատակիցները եռամսյակը մեկ տրվող պարգևավճարները չեն ստացել, փոխարենը Արամ Դանիելյանը պարգևավճար է ստացել 150 տոկոսի չափով։