Երեկ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում մի խումբ անձինք, որոնք նախկին գյուղապետի համախոհներն են, հարձակվել ու ծեծի են ենթարկել գյուղապետի տեղակալ Սուրեն Պողոսյանին: Պատճառն այն է, որ նախկին համայնքապետ Պարույր Սարգսյանը արդեն 1.5 տարի է՝ չի համակերպվում սեպտեմբերի 30-ի՝ գյուղապետի ընտրություններում իր պարտվելու փաստի հետ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Զարթոնքի համայնքապետի տեղակալ Սուրեն Պողոսյանը:
«Նախկին գյուղապետը 30 տարի շարունակ քանդելով, թալանելով համայնքը՝ կորցրել է պաշտոնը, հիմա չի կարողանում համակերպվել, և իր թիմակիցները (եղբոր որդիները, թոռները) պայքարում են մեր դեմ ու անընդհատ միջադեպեր են ստեղծում, անգամ դանակահարություն է եղել»,- պատմեց Պողոսյանը:
Պողոսյանը այս միջադեպերը կապում է այն բանի հետ, որ ինքը անձամբ է պայքարել նախկին համայնքապետի դեմ՝ նրան պաշտոնանկ անելու համար. «Այդ ամենը իրենց սրտին չի նստել, վրեժխնդիր են լինում, վենդետա են կազմակերպում, ինչպես խոստացել էին: Ինքը նորից թեկնածություն առաջադրեց՝ իր հրաժարականից, 30 տարի գյուղը քանդելուց, իր դեմ հարուցված քրեական գործերից հետո, մասնակցեց, պարտվեց 80 ձայնով և պարտությունը մինչ օրս չի կարողանում մարսել»,- ասաց տեղակալը և հավելեց. «Մենք ապրում ենք օրինական երկրում, ինքը իր անօրինություններից հետո իրավունք ունե՞ր առաջադրվելու»:
«Մենք կազմակերպեցինք բողոքի ակցիաներ, բայց իրենք մեր խաղաղ ակցիաները վերածեցին կռվի, ծեծի ու ջարդի: Իրենց կողմից եղավ զենքի կիրառում, իր թոռը՝ մանկավարժ Նարեկ Մելքոնյանը, զենքով կրակեց ժողովրդի վրա, եղբոր կողմից հունվարի 2-ին դանակահարություն տեղի ունեցավ, ու հիմա նորից նույնը կրկնվում է»,- նկատում է տեղակալը:
Ըստ Պողոսյանի՝ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը պետք է ավարտեր այս տարի. «Նրա անօրինությունները բացահայտվել են՝ Քառօրյայի մասնակիցների, մահացած մարդկանց անվան տակ դուրս գրած գումարների յուրացում, պետական բյուջեի մսխում և այլն: Նա Մեծամորի բաժնում բոլորի ներկայությամբ ինձ ասել է՝ «դու իմ թշնամին ես, ես քեզնից վրեժխնդիր եմ լինելու»,- ընդգծեց տեղակալը:
Ըստ Պողոսյանի՝ դատախազը, դատավորները Պարույր Սարգսյանի ընկերներն են, և դա է միակ պատճառը, որ այդքան անօրինություններից հետո վերջինս անպատիժ է մնացել:
«Իմ եղբայրը ծնոտի ծանր վնասվածք էր ստացել, քիչ առաջ են վիրահատել, հորեղբորս տղայի կողոսկրի 4 մատն է կոտրվել, իմ թևն է կոտրվել, գլխիս վրա 10 կար են դրել, գիտակցությունս կորցրած տարել են հիվանդանոց, քիչ առաջ եմ դուրս գրվել»,- ասաց Պողոսյանը:
Տեղակալը մտահոգված է՝ եթե այսպես շարունակվի՝ իրենք մարդկային կորուստներ կունենան, իրավիճակը սահմաններից դուրս է եկել, իրենք էլ արդեն հատել են կարմիր գիծը:
Համայնքապետի տեղակալը նշեց, որ կատարվածը առաջին դեպքը չէ. «Հետապնդումները, հիմնականում, իմ անձի շուրջ են պտտվում, որովհետև ակցիաների համակարգողը ես եմ եղել: Իմ տան վրա էլ են հարձակվել, ընտանիքիս են վախեցրել, տանս դռներն են կոտրել, պատերին են հարվածել»:
Տեղակալը վստահեցնում է՝ եթե այս հարցը օրինական ճանապարհով չլուծվեց՝ «ժողովրդի ճանապարհով» են լուծելու՝ ընդհուպ մինչև վարչապետ:
Նշենք, որ դեպքի առթիվ ոստիկանությունը ստացել է հաղորդում. բերման է ենթարկվել 8 քաղաքացի, հարուցվել է քրեական գործ, ընթանում է քննություն։
Արփինե Հակոբյան