Այս իշխանություններն ընդդիմադիր լինելու տարիներին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ միշտ քննադատում էին խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու՝ Սերժ Սարգսյանի օրոք տիրող արատավոր երեւույթը: Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու դեպքերը բացառելու առիթով դեռ 2019 թվականի ապրիլի 19-ին ասել էր. «Կա Քաղաքացիական ծառայության մասին օրենք, և մենք ամեն ինչ անելու ենք, որ ամեն մի իշխանություն չգա ու իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ: Հիմա հարց՝ այս խոստումը կատարվե՞լ է, այո՛, լիարժեք 100 տոկոսով կատարվել է»: Սրանից հետո ականատես եղանք մի շարք նշանակումների, որոնք փոխկապակցված էին արդեն իսկ պաշտոններ զբաղեցնող անձանց հետ: Օրինակ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը քաղաքապետ Հայկ Մարությանի ընկերն էր, իսկ ահա նոր ոստիկանապետ Վահե Ղազարյանը Նիկոլ Փաշինյանի համաքաղաքացին է: Բոլորին է հայտնի Փաշինյանի քավորական ընտանիքի անդամների զբաղեցրած պաշտոնները եւ այլն:
LՈՒՐԵՐ.com-ը հետազոտությունների արդյունքում եւս մեկ դեպք է բացահայտել, երբ Նիկոլ Փաշինյանի հետ անմիջական կապեր ունեցող անձը պետական համակարգում պաշտոն է զբաղեցնում: Խոսքը «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրենի մասին է: Ըստ 2020 հունվարի 31-ին կառավարության կայքում հրապարակված պաշտոնական փաստաթղթի, այդ պաշտոնը զբաղեցնում է Արուսյակ Մանավազյանը: Նա Փաշինյանի թիմում է դեռ 2008 թվականից: Մինչ վարչապետի եւ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի կապին անդրադառնալը, նախ ներկայացնենք, թե կառավարության կայքում հրապարակված որ փաստաթղթում է առկա մեր ներկայացրած տեղեկությունը: Խոսքն այն փաստաթղթի մասին է, որով վարչապետի աշխատակազմը «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին այս տարվա ծախսերի համար 450 մլն դրամ է հատկացրել: Գումարը ստացել է ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորությունները կատարող Արուսյակ Մանավազյանը:
Այժմ նրա եւ Փաշինյանի կապերի մասին: Արուսյակ Մանավազյանը 2008 թվականից աշխատում է Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Հայկական ժամանակ» օրաթերթում որպես գլխավոր հաշվապահ, իսկ 2009 թվականից «Մեր տպարան» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահն է, որը կրկին պատկանում է Փաշինյաններին: Նա նաեւ անդամակցում է Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակացությանը, խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու: 2018-ից նաեւ ՔՊ «Վերադարձի հիմնադրամ»-ի գլխավոր հաշվապահն է: Իսկ ահա նրա ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ զբաղեցնում է նաեւ այս հիմնադրամի տնօրենի ԺՊ-ի պաշտոնը եւ «Հայկական ժամանակ»-ի տնօրենի պաշտոնը: Այսինքն, նա միաժամանակ երեք կառույցի տնօրեն է, որից մեկը պետական է: Որպեսզի «Հայկական ժամանակ»-ի տնօրենը լինելու փաստը չհիմնավորենք միայն նրա ֆեյսբուքյան էջում հրապարակված տեղեկությունով, նշենք, որ գնումների armeps համակարգում առկա են պետական գերատեսչությունների եւ ՀԺ-ի մինչեւ կնքված պայմանագրեր, որոնք կրկին ստորագրվել են Արուսյակ Մանավազյանի կողմից:
Այս տարի Սուրեն Պապիկյանի ղեկավարած տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող պետական գույքի կառավարման կոմիտեն 840 հազար դրամի պայմանագրի է կնքել Փաշինյանի հիմնադրած թերթի հետ՝ հայտարություններ տեղադրելու նպատակով: Այժմ հարց է առաջանում՝ արդյո՞ք այս դեպքը տեղավորվում է վարչապետի նշած բաջանաղապետության բացառման տրամաբանությանը, թե՝ ոչ: