ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների շուրջ 3 ժամ ընթացած հանդիպումն ավարտվեց:

 

Լրագրողների հետ զրույցում Ավետիսյանը նշեց, որ հանդիպմանը պատգամավորները հնչեցրել են ինչպես սոցցանցերում, մամուլի կողմից բարձրացված հարցերը, այնպես էլ հարցեր, որոնք լրատվամիջոցնրի կողմից չեն հնչեցվել: 

«Իմ կողմից փորձ կատարվեց հնարավորինս անկեղծ ներկայացնել հարցերի վերաբերյալ իմ վերաբերմունքը, իմ մոտեցումները, որոնք, իմ կարծիքով, «Իմ քայլի» պատգամավորներին թույլ կտան ձեւավորել մոտեցում հետագա գործընթացներում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ իր հայրը ժամանակին եղել է դատավոր, Մարտի 1-ի գործի հետ կապ ունի, Ավետիսյանն ասաց, որ հարցը տարբեր ասպեկտներով քննարկվել է: «Իմ մոտեցումը հետեւյալն է, որ ես ամենեւին չեմ ուզում արդարացնել նորանկախ Հայաստանում դատական համակարգում առկա խնդիրները: Նաեւ չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի «մեղքերի» քավության նոխազը: Իմ հոր հետ կապված հարցադրումների առումով նշեմ, որ այստեղ անհրաժեշտ է հստակ պարզել վճռաբեկ դատարանի գործառույթը` արդյո՞ք Վճռաբեկ դատարանը, ըստ էության, գործ քննող դատարան է, թե ոչ: Արդյո՞ք առկա են հստակ փաստեր, թե՞ խոսում ենք միայն ենթադրությունների մասին»,- ասաց նա, ապա հավելեց.

«Ես հասկանում եմ նման հարցադրումներ կատարող սուբյեկտների մտահոգությունները, բայց նաև չեմ կիսում դրանք, քանի որ ներկայումս կան բազմաթիվ պաշտոնյաներ, ովքեր այդ ժամանակահատվածում պաշտոնավարել են, առնչություն են ունեցել այդ գործերին: Իմ հայրն արդեն 5 տարի է թոշակի է գնացել ու ես չեմ պատկերացնում այդ պրոցեսների ազդեցությունը ՍԴ-ում իմ հետագա գործունեության վրա»: