Պայմանավորվել ենք, որ այս տնակները պետք է հեռացվեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը:

Նա հայտնեց, որ գրություն են ուղարկել, իրավապահները դրանով զբաղվում են, իրենք սպասում են Լիդիանի պատասխանին:

«Համբերեք, մինչև առավոտյան պատասխանը ստանանք»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Լիդիանը պատասխանը կլինի առավոտյան:

Հիշեցնենք, որ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել ու փոխարենը դրել է իրենցը:

Նշենք, որ արդեն 2 օր է՝ Ամուլսարում իրավիճակը լարված է, ակցիայի ընթացքում բերման ենթարկվածներ են եղել, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի են ունեցել բախումներ։ Ակցիայի մասնակիցները փորձել են տեղաշարժել «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական խմբի կողմից Ամուլսարի իրենց վարձակալած տարածքում տեղադրված վագոն-տնակները։

Ակցիայի մասնակիցները փակել էին Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհը։ Դեպքերին ներկա են եղել ԱԺ պատգամավորներ, մարզի ոստիկանապետը։