Սերժ Սարգսյանի գրասենյակը տարածել է տեղեկություն, որ նա տեսանյութերի ձեւաչափով պատասխանելու է հանրության հարցերին եւ դրանով է սկսելու անդրադարձն ու անկեղծ զրույցը Ապրիլյան պատերազմի ու այլ հարցերի վերաբերյալ: Սերժ Սարգսյանը մոտ երկու ամիս առաջ խոստացել էր արտակարգ դրության ավարտից հետո հրավիրել մամուլի մեծ ասուլիս, որտեղ, իհարկե, միայն Ապրիլյան պատերազմի թեմայով, բայց կպատասխանի լրագրողների բոլոր հարցերին:

 

Սակայն, ինչպես տեսնում ենք, Սերժ Սարգսյանը նախընտրել է ակտիվանալ հենց այս պահին և հենց այս ձևաչափով: Առաջին հայացքից կարող է թվալ, որ Սարգսյանի անկեղծ զրույցները պայմանավորված են երրորդ նախագահի՝ պաշտպանողական մարտավարությամբ և այդպիսով նա փորձում է կանխել իշխանությունների ինչ-ինչ գործողություններն իր հանդեպ: Սակայն, իրականում Սարգսյանի ընտրած մարտավարությունը ավելի քան հարձակվողական է, եթե դիտարկենք ընդհանուր առմամբ ՀՀԿ-ի վերջին օրերի ակտիվացումը, հատկապես սոցցանցային հարթակում: Սնկի պես են աճել ՀՀԿ կառույցների էջերը և դրանք անչափ ակտիվ գործունեություն են տարածում ֆեյսբուքյան հարթակում:

Բացի այդ, Սարգսյանը հանրապետականների հետ հուլիսի 5-ին այցելել էր Արագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվող հայոց արքաների միակ պահպանված դամբարան, այնուհետև այցելություն էր կատարել Արցախի Հանրապետություն: Չմոռանանք նաև Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ դեսպանի հետ և ելույթը ԵԺԿ նիստին: Սա վկայում է այն մասին, որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի միջոցով գնում է ռեստարտի: Ինչու հենց հիմա՝ նույնպես պարզ է:

Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի վարած քաղաքականության արդյունքում իշխանությունների 90 տոկոսանոց աջակցությունից գրեթե ոչինչ չի մնացել, երկրում աճում է դժգոհությունը կապված համավարակի դեմ իշխանությունների անարդունավետ պայքարի, ինչպես նաև այլ տարատեսակ սոցիալ-քաղաքական կուտակված խնդիրների առընչությամբ: Եվ այս պահին ավելի քան տրամաբանական է Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի ակտիվացումը, վերջինս պարզապես օգտվում է այն հանգամանքից, որ Փաշինյանը այլևս ձիու վրա չէ, քաղաքական դաշտը, ըստ էության, ամայի է, օրակարգում էլ որևէ լուրջ քաղաքական ծրագիր կամ պլատֆորմ չկա և բավական լուրջ քաղաքական հայտ է ներկայացնում…