Արդեն մի քանի օր է՝ Արարատի մարզի Նորամարգ համայնքի ուսուցիչներն ու ծնողները բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ դպրոցի նորանշանակ տնօրեն Գոհար Սահակյանի: Վստահեցնում են՝ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթն ապօրինությամբ է անցել, և մարզպետ Գարիկ Սարգսյանը դպրոցի տնօրեն է նշանակել իր մերձավորին:

Ուսուցչուհի Փերինե Գալստյանը ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց, որ դպրոցում վաղ առավոտից սկսած բողոքի ակցիան արդեն ավարտել են. «Ճիշտն ասած, տնօրենը թողեց ու գնաց, ծնողներն ավելի վրդովվեցին, որովհետև մի քանի ծնողներ, որոնք ասացին՝ մեր երեխաներին կհանենք, ուրիշ դպրոց կտեղափոխենք, ինքն էլ ասաց՝ ձեր գործն է, ինչ ուզում եք՝ արեք»:

Ուսուցչուհու խոսքով՝ տնօրենի այդ քայլից հետո ծնողները նրան համեմատել են արդեն նախկին տնօրենի հետ. «Ծնողներն իրենց ավելի վատ զգացին, որովհետև մյուս տնօրենը յուրաքանչյուր աշակերտի՝ դպրոցից դուրս գալը շատ ծանր է տարել և ամեն ինչ արել, որ պայմաններ ստեղծի, որպեսզի չուզեն դպրոցից դուրս գալ: Ծնողները շատ բորբոքված են, այս անգամ արդեն հաստատապես որոշել են՝ դասադուլ անել, դասերը սկսվելուն պես իրենց երեխաներին չեն ուղարկելու դպրոց: Ավագանիները որոշեցին գնալ և համայնքապետի հետ հանդիպել, բայց իրենք ասում են, որ եթե մենք համայնքով չենք ցանկանում հանդիպել, ուրեմն պետք է պատկան մարմինները հաշվի առնեն ծնողների կարծիքը»,- ընդգծեց Գալստյանը:

«Հիմա որոշում ենք՝ հետագայում ինչ անել, ինչպես անել, որ կարողանանք լսելի դառնալ: Երկու անգամ գնացել ենք Մարզպետարան, բայց մարզպետին չենք հանդիպել, մի անգամ Կրթության բաժնից են իջել, մարզպետի փոխարեն խոսել են, որ միտումնավոր չեն խոչընդոտում, հանդիպումը հաստատ տեղի կունենա, անընդհատ փորձել ենք հանդիպել, բայց չենք կարողացել»,-աաց ուսուցչուհին:

Ուսուցիչներն ու ծնողները որոշել են առաջիկայում հանդիպել վարչապետ Փաշինյանին ու պարետ Ավինյանին, որովհետև մտածում են՝ վերջիններս տեղյակ չեն խնդրին:

«Կողքի գյուղից շատ աշակերտներ ունենք, որ տեղափոխվել են մեր դպրոց, որովհետև սիրում են: Հիմա, բացի աշակերտներից, ուսուցիչների մեծ մասն են ուզում դուրս գալ, մոտավորապես 6 հոգի, որովհետև ընկեր Գալստյանը միայն տնօրեն չէր, ինքը 4-րդ կուրսից սկսել է էստեղ աշխատել, փաստորեն, ստացվում է, որ նրան աշխատանքից են ազատում»,- նկատեց ուսուցչուհին:

Նշենք, որ համայնքում միայն այս դպրոցն է և աշակերտներին տեղափոխելու դեպքում, վերջիններս ստիպված են լինելու գնալ կողքի գյուղի դպրոց:

Մենք փորձեցինք խոսել նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ, սակայն նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

Արփինե Հակոբյան