Շաքարավազի շուկայում իրականացրած ուսումնասիրության շրջանակում մի շարք տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ հարուցված վարչական վարույթի արդյունքում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ շուրջ 24.7 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի նկատմամբ` գերիշխող դիրքի չարաշահման համար: Վարույթի քննությամբ պարզվել է, որ հանձնաժողովի կողմից դիտարկված ողջ ժամանակահատվածում՝ 2018 թվականի հունվարից մինչև 2020 թվականի մարտ ամիսը, «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը չարաշահել է ապրանքային շուկայում ունեցած գերիշխող դիրքը, ինչը դրսևորվել է երեք խախտման հատկանիշներով՝ գների չհիմնավորված իջեցում, խտրական պայմանների և գների կիրառում, այնպիսի պայմանների կամ վարքագծի սահմանում կամ կիրառում, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը։ 

Ինչպես ասում են՝ շատ անհարմար բան ստացվեց, այն պարզ պատճառով, որ նույն ՏՄՊՊՀ-ն ջանք ու եռանդ չէր խնայում հանրությանը համոզելու համար, որ Սամվել Ալեքսանյանը հեղափոխությունից հետո վերածվել է օրինապաշտ գործարարի, նա չունի ո՛չ մենաշնորհ, ո՛չ գերիշխող դիրք, այն էլ՝ Աստված մի արասցե՝ շաքարավազի շուկայում: Ինչ է ստացվում, այն ժամանակ Ալեքսանյանին պաշտպանում էին, որովհետև կար նման հրաման վերևից, իսկ հիմա, օրինակ, պետք է օլիգարխին թեթևակիորեն պատժել, կամ դիցուք՝ բյուջեին փող է պետք՝ տուգանում են: Երեկ օրինապաշտ գործարար էր, այսօր` գերիշխող դիրքը չարաշահող օլիգարխ: 

 


Ինչ վերաբերվում է կարագի շուկային, ապա 2019 թվականի առաջին վեց ամիսների ՏՄՊՊՀ դիտարկումներով կարագի շրջանառության ոլորտում հայտնաբերված միակ խախտումը կրկին Սամվել Ալեքսանյանի ընկերությանն էր առնչվում։ Գործարարի կինը՝ Շողերինա Մկրտչյանը, խախտել է օրենքը, գործողության մեջ է դրել չհայտարարագրված համակենտրոնացում։ 


Ուշագրավ է, սակայն, որ այս հանգամանքն ավելի քան 4 ամիս չէր արձանագրվել ՏՄՊՊՀ կողմից, և որպես խախտում չէր հարուցվել վարչական վարույթ, իսկ այդ ժամանակահատվածում Սամվել Ալեքսանյանը բազմիցս այցելել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին: Փաստացի, հուլիսին հայտնաբերված խախտումով վարույթը հարուցվել էր միայն նոյեմբերի վերջին, հավանաբար «պատշաճ բանակցություններից» հետո՝ կողմերին ձեռնտու արդյունքներից ելնելով…