ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը շարունակում է սոցցանցերի իր էջերում գովազդել հայկական արտադրանքը:

 

Այս անգամ վարչապետի տիկինն Ինստագրամի իր էջում կիսվել է Արցախում արված ֆոտոշարքով` նվիրված արցախյան գորգերին:

«Արցախյան գորգերի շունչը

Շուշիի գորգերի թանգարանը բացառիկ վայր է։ Թանգարանում շուրջ 300 գորգ կա, որոնք գործվել են 17-րդ դարից մինչև 20-րդ դարասկիզբ:

Դրանք հիմնականում արցախյան ավանդական հնագույն գորգեր և կարպետներ են»,- լուսանկարներին կից գրել է Հակոբյանը:

Նախորդ հրապարակմամբ Վարչապետի տիկինը խորհուրդ է տվել հետևորդներին Արցախ այցելությունը սկսել Դադիվանքից:

«Այստեղ դուք կզգաք հավատքի զորությունը, կառույցի վեհությանն ու դրախտային բնությանն էլ կսիրահարվեք։

Դադիվանքը կարծես հայ ժողովրդի պատմությունը լինի՝ եկեղեցու տեսքով․ նրան բազմիցս փորձել են ավերել, ոչնչացնել, բայց դա երբեք ու ոչ ոքի չի հաջողվել ու 9-րդ դարի վանական համալիրն այսօր էլ կանգուն է ու խրոխտ կեցվածքով դիմավորում է զբոսաշրջիկներին ու հավատացյալներին»,- գրել է վարչապետի տիկինը։