Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով վարույթ է հարուցել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ։ Պատճառն էլ այն էր, որ Առողջապահության նախարարությունը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել «Միբս» ընկերության հետ, որի տնօրենը նախարար Արսեն Թորոսյանի կինն է՝ Վարդանուշ Թևանյանը։ Այդ պայմանագրերով «Միբս» ընկերությունը պարտավորվել է մատուցել հիվանդանոցային ծառայություններ, Էլեկտրոնային առողջապահական ծախսերի փոխհատուցում, համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն։ Պայմանագրի կնքումից հետո այդպես էլ հոդաբաշխ բացատրություն չհնչեց, թե ինչո՞ւ 1 միլիարդով ավելացվեց մասնավոր կենտրոնի պետպատվերը՝ դառնալով, մոտավորապես, 2.7 մլրդ, մի դեպքում, երբ ամբողջ Հայաստանի ուռուցքաբանության պետպատվերը 1 միլիարդի անգամ չի հասնում:
Ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների՝ «Միբս» ընկերության առաջին տնօրենը եղել է հենց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա ու կինը պարբերաբար միմյանց են հանձնել տնօրենի պաշտոնը։ Ընկերության առաջին տնօրենը եղել է Արսեն Թորոսյանը, ապա նրան փոխարինել է Վարդանուշ Թևանյանը, այնուհետև կրկին Թորոսյանն է դարձել ընկերութան տնօրեն։ Նախարար նշանակվելուց երկու ամիս անց Թորոսյանը դուրս է եկել ընկերությունից՝ պաշտոնը փոխանցելով կնոջը (2018/05/29-ից մինչ օրս)։
Ուշագրավ է նաև, որ «Միբս» ՍՊԸ-ն, բացի Առողջապահության նախարարությունից, պայմանագրեր է կնքել նաև Երևանի քաղաքապետարանի հետ։ Ըստ գնումների հաշվետվողականության էլեկտրոնային armeps.am համակարգի՝ 2018 թվականից ընկերության հետ քաղաքապետարանը կնքել է 4 պայմանագիր՝ մոտ 30 միլիոն դրամ արժողությամբ։ Մասնավորապես՝ բժշկական ծառայություններ, համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն, համակարգչային և մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի ծառայություններ։
Մեզ հասած տեղեկություններով՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից վեր հանված առերևույթ իրավախախտումները հիմք ընդունելով՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդել է կալանավորել Արսեն Թորոսյանին, և այդ հարցը քննարկել է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն վերջինս Թորոսյանին ձերբակալելու «դաբրոն» չի տվել: Ինչպես երևում է, Փաշինյանը դեռ պատրաստ չէ զոհաբարել իր թիմի առանցքային անդամներից մեկին, ով նաև վայելում է սորոսական շրջանակների անթաքույց աջակցությունը:
Փաշինյանի համար Թորոսյանին կալանավորելու հիմք չի հանդիսանում ոչ շահերի բախման վերջին ակնհայտ դեպքը, ոչ Covid-19-ի ընթացքում մամուլում արծարծված ատկատները, ոչ առանց Ֆրանսիայի կառավարության տեղեկության ֆրանսիացի 7 բժիշկների (ընդ որում, 5-ը բացարձակ կապ չունեն կորոնավիրուսի հետ) անհարկի Հայաստան բերելը և պետբյուջեից 200 հազար եվրո մսխելը, ոչ էլ նախարարի ղեկավարած կառույցում կոռուպցիոն բազմաթիվ բացահայտված դրսևորումները: Սակայն հարց է , թե մինչև երբ վարչապետին կհաջողվի «պահել» Թորոսյանին և երբ ի վերջո գլխավոր դատախազը կստանա Առողջապահության նախարարին կալանավորելու համաձայնությունը…