Կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում թույլ են տրվել հարյուրավոր միլիոնների չարաշահումներ, որոնցով զբաղվում են իրավապահները։ Նկատենք՝ խոսքը գնում է վարչապետի աշխատակազմի անմիջական հսկողության ներոք գործող ՊՈԱԿ-ի կողմից կատարված ֆինանսական չարաշահումների մասին է, որի վերաբերյալ «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատել են նաեւ պաշտոնական մարմինները։

Կառավարական առանձնատները գտնվում «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում, որին վերապահված է կառավարական առանձնատների սպասարկումը, այդ թվում՝ վերանորոգումների կազմակերպումը։

Դեռեւս 2019 թվականին մեծ աղմուկ հանեց տեղեկատվությունն առ այն, որ պետական բյուջեից շուրջ 2 միլիոն դոլար է հատկացվել Կոնդի առանձնատների տնտեսությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին սպասարկող կառավարական առանձնատան մասնաշենքը հիմնանորոգելու, վերանորոգելու և կահավորելու համար։ Նկատենք, որ առանձնատունը նախկինում արդեն իսկ վերանորոգված եղել է, քանի որ սպասարկել էր ՀՀ երրորդ նախագահին, բայց Փաշինյանի ընտանիքը նոր վերանորոգում էր ուզել, որի արդյունքում «գաղտնի» խորագրով կառավարությունը գումար էր հատկացրել վարչապետի աշխատակազմին։

Կատարված վերանորոգումը, որի շրջանակներում, ըստ տեղեկությունների, միլիոններ են ծախսվել ընդհուպ զուգարանակոնք ձեռք բերելու վրա, խնդրահարույց է համարել անգամ պետական վերահսկողության ծառայությունը։

«Փաստինֆո»-ի հավաստի տեղեկություններով՝ ՊՎԾ-ն ֆինանսական չարաշահումներ է հայտնաբերել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում՝ մասնավորապես առանձնատների վերանորոգման աշխատանքներում, որոնց արդյունքում այսօր օրակարգում է քրեական գործի հարուցման հարցը։ Օգոստոսի 25-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցումներ էր ուղարկել ՊՎԾ եւ իրավապահ մարմիններ, որոնց արդյունքում մեր տեղեկությունները հաստատվել են նաեւ պաշտոնապես։

Մասնավորապես՝ ՊՎԾ-ին խնդրել էինք տեղեկացնել, արդյոք ուսումնասիրվել է ՊՈԱԿ-ի գործունեությունը, եթե այո, ապա որ տարիների աշխատանքն է դարձել ուսումնասիրության առարկա, խախտումներ հայտնաբերվել են,թե ոչ, որքան է կազմել պետությանը առերեւույթ պատճառված վնասը։

Առանձին հարցով ՊՎԾ-ից խնդրել էինք հայտնել կոնկրետ կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում չարաշահումներ հայտնաբերվել են, թե ոչ եւ ինչ ընթացք է տրվել դրանց։

Գրավոր հարցմանն ի պատասխան ՊՎԾ-ն հաստատել է չարաշահումների փաստը՝ նշելով, որ խախտումներն արձանագրվել են 2019 թվականի աշխատանքներում։

«Ի պատասխան Ձեր՝ 25.08.2020թ. N 65Ա հարցման, տեղեկացնում ենք, որ ՀՀ պետական վերահսկողության ծառայությունը իրականացրել է մշտադիտարկում «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում։ Մշտադիտարկվել են 2019թ ՊՈԱԿ-ում կատարված աշխատանքները, այդ թվում նաև՝ կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքները։ Հայտնաբերված խախտումների մասին տեղեկանքը ուղարկվել է իրավապահ մարմիններին»,- հայտնել են ՊՎԾ-ից։

Ֆինանսական չարաշահումների ծավալի մասին մեր հարցին ՊՎԾ-ից ձեռնպահ են մնացել պատասխանել, իսկ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ խոսքը գնում է շուրջ 250 մլն դրամի մասին։

Այսպիսով՝ թիվ մեկ առանձնատան միլիոնավոր դոլարների վերանորոգումը, որն իրականացվել է Էդուարդ Աղաջանյանի անմիջական վերահսկողության ներքո գործող «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի կողմից, ուղեկցվել է կոռուպցիոն դրսեւորումներով։ Նշենք, որ ՊՈԱԿ-ի տնօրենը «Հայկական ժամանակ» օրաթերթի հաշվապահն է։ Ըստ 2020 հունվարի 31-ին կառավարության կայքում հրապարակված պաշտոնական փաստաթղթի, տնօրենի լիազորությունները կատարում է Արուսյակ Մանավազյանը։ Վերջինս Փաշինյանի թիմում է դեռ 2008 թվականից՝ նախ որպես «Հայկական ժամանակ» օրաթերթի հաշվապահ, իսկ 2018 թվականից նաեւ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր հաշվապահ։ Մինչ այդ՝ 2018 թվականին, ՊՈԱԿ-ի տնօրեն է եղել «Իմ քայլը» խմբակցության ներկայիս քարտուղար Հակոբ Սիմիդյանը, որը, ըստ ՊՈԱԿ-ի աշխատակիցների, շարունակում է իր ակտիվ դերակատարումը։ Նկատենք, որ այս պատգամավորը ոչ միայն ոչ պաշտոնապես, այլ անգամ պաշտոնապես է պատգամավորի իր կարգավիճակը զուգակցում մի քանի այլ աշխատանքով։ Համատեղության կարգով պատգամավորը նաեւ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդականն է։

Շարունակելի