Հոնկոնգի համալսարանի գիտնականները գենետիկորեն հաստատել են կորոնավիրուսով կրկնակի վարակման դեպքը: 33-ամյա տղամարդը վարակվել է կորոնավիրուսով առաջին անգամ վարակվելուց 4,5 ամիս անց: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:
Սա առաջին գիտական հաստատումն է COVID-19-ով կրկնակի վարակման:
Հետազոտության համաձայն՝ երկրորդ անգամ վիրուսը հայտնվել է այն բանից հետո, երբ տղամարդը վերադարձել է Իսպանիա կատարած ուղևորությունից: Գենոմի հաջորդականացումը ցույց է տվել, որ վիրուսի երկու շտամներն ունեն էական տարբերություններ: Ընդ որում, դրանցից երկրորդը համապատասխանում է նրան, որ շրջանառվել է Եվրոպայում հուլիս-օգոստոսին:
Վարակման առաջին դեպքում տղամարդն ունեցել է թեթև ախտանշաններ, իսկ այժմ դրանք ընդհանրապես չկան:
Պարբերականը նշում է, որ հետազոտությունը առաջացնում է անհանգստություն, քանի որ ցույց է տալիս, որ կորոնավիրուսի դեմ իմունիտետը կարող է պահպանվել միայն մի քանի ամիս:
COVID-19-ի կրկնակի վարակման մասին ավելի վաղ հաղորդել էին ԱՄՆ-ի և այլ երկրների բժիշկները, սակայն այդ հայտարարությունները հաստատված չէին հետազոտություններով: