Խաղողագործներն այսօր կրկին չարչրկված խնդրով բողոքի ակցիա իրականացրին: Նրանց պահանջն էր՝ եթե չբարձրացնել, ապա գոնե պահել նախորդ տարվա խաղողի մթերման գինը: Սա այն նույն խնդիրն է, ինչը եղել է գրեթե բոլոր կառավարությունների օրոք․ գյուղացին բողոքել է մթերողներից, մթերողները՝ գյուղացուց, թվերի նկարչություն է արվել, թե այսքան տոննա խաղող է մթերվել, սակայն, ըստ գործարանների հայտնի ձեռագրի, շարունակվել է սպիրտի ներկրումը:
Սա այն նույն խնդիրն է, որ 2019 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկում հասցրեց «գլուխ գովալ», թե մթերման հարցը կարգավորված է և նախորդ տարվա «աղմուկ չլինելը» Փաշինյանը որակել էր՝ Կառավարության աշխատանքի դրական արդյունք: Ավելին՝ իր հարցազրույցներից մեկում ասաց նաև, որ խաղողի դեֆիցիտ կա Հայաստանում: Այսօր սակայն, գյուղացին իր խաղողը մթերելու խնդրով կրկին փողոցում է, իսկ նրանց բողոքներին ի պատասխան՝ Արարատի փոխմարզպետ Կարեն Գրիգորյան ասաց՝ մարզպետարանը այդ հարցում որևէ դեր չունի:
«Կան տեղեր, որտեղ հայտնի պատճառներով մթերման ծավալները կրճատվել են, սակայն կան տեղեր, որտեղ մթերում կատարվում է և դուք կարող եք ձեր խաղողն այնտեղ տանել, իրացնել: Իսկ գինն իրենք են որոշում, այդ հարցում մարզպետարանն անելիք չունի: Գնային քաղաքականությունը մենք չենք որոշում, պետությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացրել, որ խաղողի մթերման հետ կապված խնդիրներ չլինեն»,- ասաց փոխմարզպետը:
Գյուղացիներին նաև բարկացրել էր այն, որ վարչապետը չէր պահել իր խոստումը. «Մեր վարչապետն ասել է, որ գարունը գյուղացին արդեն պետք է իմանա, թե խաղողն ինչ գնով է հանձնելու: Ամբողջ ամառը մլուլ տվեցին, հասցրին աշուն, վերջին օրերին նոր գին են դնում գյուղացու դեմը»,- ասաց խաղողագործներից մեկը:
Գյուղացիների խնդրանքն էր՝ 135-ի փոխարեն 150 դրամով խաղողն ընդունեն: «Պետությունը գործարաններին սուբսիդավորել է, որ խաղող մթերեն, պետությունից սուբսիդավորում ստացել են հերիք չի, մեզնից էլ 135-ով են վերցնում, գինն իջեցրել են»,- ասաց բողոքի ակցիա իրականացնողը:
Փաստորեն, կրկին խաղողն աղմկում է․ վարչապետը նորից հայտնվել է վատ դրության առաջ, որովհետև գյուղացին չի լռելու, մթերողը տեղի չի տա: