«Լիդիան Արմենիան» հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

««Լիդիան Արմենիան» շարունակում է մտահոգ լինել համայնքի անվտանգությամբ ու Ոստիկանության անհամարժեք գործողություններով։

Մինչ համայնքի բնակիչներն աշխատում են Ամուլսարի տարածքում, արդեն երկու տարի «համայնքի» անունից հանդես եկող «խաղաղ» ցուցարարը (տե'ս տեսանյութը) երեկ մի քանի օրինազանցների ուղեկցությամբ քարեր է շպրտել «Լիդիանի» աշխատակիցների ուղղությամբ' փորձելով ներխուժել տարածք։ Նախորդ օրը նույն անձն արյունահեղության սպառնալիքներ է հնչեցրել։

Ստիպված ենք դարձյալ կոչ անել Ոստիկանությանը համարժեք միջոցներ ձեռնարկել Ամուլսարի շրջակա համայնքներում օրենքը վերականգնելու և համայնքի բնակիչների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Միաժամանակ վերահաստատում ենք, որ օրենքից դուրս որևէ «բանակցություն» «Լիդիանը» չի վարելու։

Հանրության դատին ենք թողնում երկու տարի մամուլի էջերում «համայնքի խոսնակի» դերը ստանձնած անձի վարքագիծը։ Ոստիկանությունից պահանջում ենք քայլեր ձեռնարկել իրական համայնքի անվտանգությունն ապահովելու համար»։

«Լիդիանը» հայտարարությանը կից նաև տեսանյութ է ներկայացրել: