ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությունը, որով Արցախում բնակվող տարբեր տարիք և մասնագիտություն ունեցող 15 կանայք ծանոթանացել են զինվորական կյանքին, ձեռք բերել ռազմական հմտություններ, հայտնվել է սուր քննադատությունների կիզակետում։

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ նման ուղերձները խաղաղության չեն պատրաստում․ «Եթե վերլուծենք այս 2,5 տարվա ընթացքում իշխանությունների կողմից հնչած ուղերձների տարբերությունը, ապա սկզբից նրանք դիրքավորվել էին խաղաղության դիսկուրսի մեջ և կոչ էին անում թե՛ երկխոսելու, թե՛ միջազգային հանրության աչքում այլ տեսակի իշխանություն երևալու, որովհետև շատ հաճախ ուղերձները այդքան էլ խաղաղասիրական կոնտեքստների և փիլիսոփայության մեջ չէին։ Այնուամենայնիվ, զինվորական հագուստով այդպիսի նկարներ կամ զենքի գործածմամբ PR չէր արվել մինչ այժմ: Ես կարծում եմ՝ առաջին հերթին միջազգային հանրության ոչ այնքան միջամտությունը խաղաղություն ստեղծելու, մյուս կողմից՝ երկու տարվա ընթացքում որևէ առանցք՝ հասարակությանը համախմբող, այդպես էլ չստեղծվեց: Սկզբից եկավ Նոր Հայաստանի կոնցեպտը, որը այդքան էլ պարզ չէր, հետո ի հայտ եկավ տնտեսական հեղափոխության կոնցեպտը, որը էլի պարզ չէր, նաև խաթարվեց այս համավարակի հետ կապված իրադարձություններով»,- ասաց Հովհաննիսյանը։

Իրավապաշտպանի կարծիքով՝ ազգին համախմբելու միակ մեխանիզմը, իշխանությունների պատկերացմամբ, այնուամենայնիվ, մնում է բանակի կոնցեպտը, որը հմտորեն օգտագործվում էր նաև նախկին իշխանությունների կողմից, ինչպես նաև հեղափոխության ժամանակ։

«Նույն Նիկոլ Փաշինյանը կրում էր զինվորական համազգեստ, և ազգը ինչ որ տեղ բանակի էր վերածվել, այսինքն՝ մի դիսկուրս, որը միշտ կենսունակ է, որովհետև մարդիկ միշտ մտածում են՝ ուժի կիրառման և ուժով պարտադրելու պատկերացումների և ոչ թե նոր տիպի համագործակցության դաշտում․ ցավոք, դեռևս այդպիսի հասարակություն ենք: Կարծում եմ՝ հուլիսյան վերջին լարվածությունը ևս իր ավերիչ գործը կատարեց, և դա ևս նպաստեց, որպեսզի Աննա Հակոբյանը, որը սկզբից բոլորովին այլ ուղերձներով էր հանդես գալիս, փոխի իր մոտեցումը և սկսի հանդես գալ հանրային տարածքներում՝ որպես անվտանգության կամ զենքի և բանակի մաս կազմելու կանանց կոչով։ Չեմ կարծում, որ Հայաստանը նախահարձակ լինի, բայց, այնուամենայնիվ, խաղաղության էլ չեն պատրաստում»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Հովհաննիսյանը նշում է, որ ամենևին պետք չէ օրինակ վերցնել դիմացինից և անել այն, ինչ նա է անում․ «Զենքը այլ բան չէ, քան սպանության գործիք։ Այս պահին պատերազմ չկա, թեժ գործողություններ չկան և նմանատիպ կոչերը, ֆոտոշարքերը կամ քարոզչությունը համարում եմ հասարակությանը խաղաղության չպատրաստել և այդ տրամաբանությունից հետ բերել»։

«Շատ լավ կլինի, որ իշխանություններն անկեղծ լինեն, ոչ թե օգտագործեն տարբեր մեթոդներ։ Ինքս ֆեմինսիտ եմ և այդ պայքարը ինքնին ենթադրում է խաղաղաշինություն, խաղաղասիրական պայքար և մարդու իրավունքների հավասարության գիտակցում և որ ամենակարևորն է՝ ցանկացած խնդրի լուծում չդիտարկել ուժի տիրույթում: Թե իշխանությունը կոնկրետ ինչպիսի դիրքորոշում ունի՝ ինքը պետք է որոշի, բայց տարբեր ուղերձների շփոթ ստեղծելը, կարծում եմ, շատ վտանգավոր է և ամենակարևորը՝ անկեղծ չէ հասարակության հետ երկխոսության պարագայում: Հասարակության հետ խոսելիս՝ երկու տարբեր մոտեցումները ես համարում եմ բավական վտանգավոր»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

Իրավապաշտպանն ընդգծում է՝ հասարակության ձայները լռեցվում են այն պարագայում, երբ միևնույն դիրքից խոսում են իշխանությունները և՛ խաղաղության, և՛ ռազմականացման տեսանկյունից․ «Հասարակությանը պետք է բարձրաձայնի, կապ չունի, թե գերիշխող մոտեցումը որն է, և հասարակության մեջ պետք է խոսեն այն մարդիկ, որոնք ունեն հստակ դիրքորոշում տվյալ հարցի վերաբերյալ, ոչ թե լինի այնպես, որ բոլոր դիրքերից խոսի միայն իշխանությունը և լռեցնի բոլոր գաղափարական ձայները»,- եզրափակեց իրավապաշտպանը։

Արփինե Հակոբյան