Մինսկի Ազգային գեղարվեստական թանգարանի դիմաց առևանգել են Ընդդիմության համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովային, հաղորդում է Meduza լրատվամիջոցը։

Ականատեսների խոսքով՝ քաղաքացիական հագուստով և դիմակներով մարդիկ Կոլեսնիկովային նստեցրել են միկրոավտոբուս և տարել անհայտ ուղղությամբ, որից հետո նրա հետ հնարավոր չի եղել կապ հաստատել։ Ըստ ականատեսի՝ Կոլեսնիկովայի հեռախոսն ընկել է, նրան առևանգողներից մեկը վերցրել է այն, նստել միկրոավտոբուս, և նրանք հեռացել են։

Բացի Կոլեսնիկովայից, ընդդիմադիր գործիչները չեն կարողանում կապ հաստատել նաև համակարգող խորհրդի ներկայացուցիչներ Իվան Կրավցովի և Անտոն Ռոդնենկովի հետ։

Բելառուսի ընտրություններում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան Կոլեսնիկովայի անհետացման պատասխանատու է համարում երկրի իշխանություններին։ Նա նշել է, որ սա իշխանությունների կողմից փորձ է՝ խափանել Համակարգող խորհրդի աշխատանքը։

Բելառուսի ՆԳ նախարարությունը, Քննչական կոմիտեն և Բելառուսի պետական վերահսկողության հանձնաժողովը հայտարարել են, որ պետական մարմինների կողմից ընդդիմադիր գործչին ձերբակալելու մասին տեղեկություն չունեն։