Ամատունի Վիրաբյանն իրեն «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից ազատելու հրամանն անհիմն է համարում:

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Վիրաբյանն ասաց, որ հրամանը երեկ է եղել, սակայն իրեն այսօր են տեղեկացրել այդ մասին. «Աշխատանքից ազատման պատճառը նշել են այն, թե 2016-2018 թթ. Հայաստանի ազգային արխիվը հարկեր չի վճարել և պետությանը վնաս է հասցրել։ Մինչդեռ իրական պատմությունն այն է, որ 2016-ին պետությունը որոշել է, որ բոլոր ՊՈԱԿ-ները պետք է ԱԱՀ վճարեն, բայց բյուջեից այդ նպատակով գումար չի հատկացրել։ Այսինքն՝ այդ պահին բոլոր ՊՈԱԿ-ները չեն վճարել այդ հարկը։ Ավելի ուշ պետությունը պահուստային ֆոնդից բոլոր ՊՈԱԿ-ներին այդ գումարը հատկացրել է, այդ թվում՝ Հայաստանի ազգային արխիվին՝ մոտ 800 միլիոն դրամ, և իրենք վճարել են հարկերը»,- ասաց նա:

Վիրաբյանի խոսքով՝ հարկեր չվճարելու համար քրեական պատասխանատվություն է հասնում, բայց իրեն պատասխանատվության չեն ենթարկել, որովհետև այդտեղ ինքը ոչ մի մեղք չի ունեցել։

 

Ամատունի Վիրաբյանը, ով Հայաստանի ազգային արխիվի տնօրենն է եղել շուրջ 20 տարի, Հայաստանի նոր իշխանությունների այս որոշման մեջ հետապնդում և միտում է տեսնում.

«Ամբողջ հարցը նրանում է, որ իմ պայմանագրի ժամկետի ավարտին մնում էր ընդամենը 2-3 ամիս, բայց իրենք, չգիտես ինչու, շտապեցին», - նշեց Վիրաբյանը։

Այժմ արխիվի նախկին տնօրենը պատրաստվում է իրեն աշխատանքից ազատելու որոշումը բողոքարկել դատարանում։