«Քաղաքապետի հայտարարությունը մեզ համար նորություն է, բայց գլխավոր ճարտարապետի հաստիք եվրոպական շատ քաղաքներում չկա։ Դրա փոխարեն պետք է լինեն շատ լավ արված քաղաքաշինական փաստաթղթեր, քաղաքի ամբողջ գլխավոր հատակագիծ, որտեղ մանրամասն պետք է ցույց տրված լինեն, թե որ հողակտորի վրա ինչ կառույց պետք է լինի։ Այդ գործառույթը պետք է արդեն իսկ կատարած լինեին նախորդ բոլոր ճարտարապետները, բայց նրանց ձեռքը այդտեղ կարծես թե չէր հասնում։ Հիմա, եթե քաղաքապետարանը կարողանա օժանդակել, որպեսզի նման փաստաթուղթ ծնվի, այդ ժամանակ շատ հնարավոր է մնալ նաև առանց գլխավոր ճարտարապետի»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի սենսացիոն հայտարարությանը, թե Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը պետք է որոշակի մոդիֆիկացիայի, փոփոխությունների ենթարկվի, և Երևանի գլխավոր ճարտարապետ կարող է այլևս չլինել: 

Նրա կարծիքով՝ պաշտոնը հանելու պատճառն այն է, որ փորձ է արվում հեռու մնալ կամայականություններից․ «Գլխավոր ճարտարապետները հաճախ մեղավոր չեն եղել իրենց որոշումներում, քանի որ ճնշման տակ են եղել ներդրողների կողմից։ Ներդրողը գալիս, ասում է՝ ես ուզում եմ այս հողակտորի վրա այսպիսի բան անել ու այսպիսի չափերի՝ նրան մերժելը նշանակում է կորցնել ընդհանրապես ներդրումները։ Այսինքն, գլխավոր ճարտարապետները երբեմն երկու սրի արանքում են հայտնվում»,- նշեց նա։ 

 

Մինասյանի խոսքով՝ այդ փոփոխությունը կարող է նաև քաղաքի փրկության տեսլականներից մեկը լինել, որպեսզի քաղաքը չաղավաղվի։ Սակայն այնքան մշակված պետք է լինի ամեն ինչ, որ քաղաքապետի կոորդինատրը, ճարտարապետը կամ որևէ այլ անձ նայելով փաստաթղթին՝ իմանա, որ այսինչ հատվածում օրենքով հաստատված է այսինչ չափերը, հետևաբար նրան մնա ընդունել տվյալ նախագիծը, կամ չընդունել։ 

 

«Մեսչյանը շատ լավ ճարտարապետ էր, բայց շատ բաներ չիրականացրեց, որովհետև անպայման պետք է հիմք ունենալ, որի վրա հնարավոր կլինի հենվել և զուրկ մնալ թելադրումներից ու ճնշումներից։ Նախկինում հիմնական պատվիրատուն պետությունն էր և վերջինս իր հաստատած փաստաթղթին տեր էր կանգնում։ Հիմա, քանի որ շատ պատվիրատուներ կան, որոնք ունեն տարբեր հավակնություններ, փորձում են իրենց ճաշակները թելադրել»։   

 
7
 
STOPPED
 
 
 

Ճարտարապետների միության նախագահը նշեց, որ մեր ճարտարապետները մրցունակ են, բայց դրա համար պետք է լինեն պաշտպանիչ օրենքներ։ Ըստ նրա՝ մենք օրենքներ ունենք, բայց դրանք չեն գործադրվել, հետևաբար ինչ-որ տեղում մի բարձրահարկ է «ծնվել»։