Մինչև Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը` ընդդիմադիրների խոշորացույցի տակ էին գտնվում իշխանության այս կամ այն ներկայացուցչի՝ նախարարի, մարզպետի, քաղաքապետի կողմից պետական բյուջեի հաշվին արված ճոխ գնումները: Խոսքը հատկապես այս կամ այն առիթով գնված հուշանվերների մասին է, որոնց արժեքը հաճախ շուկայականից տասնապատիկ անգամ ավել էր նստում գերատեսչության վրա: Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը անչափ ցավագին էին տանում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից 4 միլիոն դրամով 4 շիշ կոնյակ որպես նվեր գնելը, Ծովագյուղի ՀՀԿ-ական համայնքապետի կողմից կես միլիոնի կոնյակ, 1 միլիոնի հուշանվերներ, 40 կգ շոկոլադ գնելու փաստը ընդդիմադիրները անգամ ԱԺ-ում քննարկման առարկա դարձրին: Ընդդիմադիրները մատի փաթաթան էին դարձրել նաև 2015-ին Հովիկ Աբրահամյանի այցը Ավստրիա: Այդ նպատակով գնվել էր 6 հատ 10 տարվա հնեցման «Դվին» կոլեկցիոն կոնյակներ, 24 հատ 20 տարվա հնեցման «Նաիրի» կոնյակներ, 10 տարվա հնեցման 12 հատ «Ախթամար» և 2 հատ 25 տարվա հնեցման «Էրեբունի» կոնյակներ: Այս ամբողջի համար «Ագուլիս Մեկ» ընկերությանը վճարվել է շուրջ 1.5 միլիոն դրամ:  Փաշինյանը ԱԺ-ում բողոքում էր նաև ՀՀԿ-ական Իգնատի Առաքելյանի գյուղնախարարության կողմից  միլիոն դրամով հուշանվեր-նարդի գնելու հանգամանքից:

Սակայն նոր Հայաստանում հեղափոխական իշխանությունները անում են այն, ինչի համար այդչափ քննադատում էին իրենց քաղաքական օպոնենտներին՝ բոյւջեից միլիոններ են մսխում թանկարժեք հուշանվերներ ձեռք բերելու նպատակով: Դիցուք՝ ՊՆ-ն ոսկերչական գործարանից 5,8 մլն դրամի հուշանվերներ է ձեռք բերել, ընդրում ոչ մրցակցային եղանակով; 

 ՀՀ ոստիկանության կարիքների համար 3,990,000 դրամի հուշանվեր է գնվել Վիելվի Սենթըրից: 6,710,000 դրամի ոսկերչական իրեր էլ գնվել են Երևանի ոսկերչական գործարանից, 5,3 միլիոն դրամի խմիչքներ են գնվել «Ագուլիս 1» ընկերությունից: Երևանի քաղաքապետարանը 292,000 դրամի հուշանվեր է գնել ԱՁ Կարինե Աճեմյանից: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը 1,471,200 դրամի ձեռքի ժամացույց է գնել ԷՅ ԴԱԲԼՅՈՒ ԱՅ ԳՐՈՒՊ ՓԲԸ ընկերությունից: ՀՀ ՊԵԿ կարիքների համար պատվիրակությունների ընդունման հետ կապված 1,877,700 դրամի հուշանվեր-կոնյակ է ձեռք բերվել Արբրեն ՍՊԸ ՍՊԸ-ից: Վարչապետի աշխատակազմի կարիքների համար 2,906,000 դրամի հուշանվեր է գնվել Շուշան Տեխնիկս ՍՊԸ-ից: ԱԺ-ն նույնպես հետ չի մնացել նվերային այս տենդից: «ԱԴՏՄ-ՀԱՐԱՎ» ՍՊԸ-ից 2019-ին ԱԺ-ն ձեռք է բերել Պաշտոնական պատվիրակության ընդունելության համար հուշանվեր խմիչքներ՝ 17.590.075 դրամով (3 պայմանագիր)։Հաջորդիվ «Նոյան տապան» ՍՊԸ-ն է, որից ԱԺ-ն ձեռք է բերել հուշանվեր-գրքեր՝ 7.815.241 դրամով (4 պայմանագիր)։ Հաջորդը՝ «ԷՅ ԴԱԲԼՅՈՒ ԱՅ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ն է, որից ԱԺ-ն ձեռք է բերել հուշանվեր-ժամացույցներ (4 պայմանագիր)։ Այս ընկերությունից, օրինակ, ԱԺ-ն ձեռք է բերել 3 ժամացույց՝ յուրաքանչյուրը 175.000 դրամ արժողությամբ, ևս 3-ը՝ յուրաքանչյուրը 140.000 դրամ արժողությամբ, յուրաքանչյուրը 92.000 դրամ արժողությամբ 5 ժամացույց, ևս 2 ժամացույց՝ յուրաքանչյուրը 82.000 դրամ արժողությամբ և նույն արտադրության բազմաթիվ այլ ժամացույցներ։ Ընդհանուր՝ փաստորեն, ավելի քան 16.000 դոլարի՝ նույն բրենդի ժամացույցներ։ 

Նկատելի է, որ պետական գերատեսչություններն ունեն նախընտրելի ընկերություններ։ ԱԺ-ն կոնյակ գնում է հիմնականում «Վինո Վինո» ընկերությունից, ԱԳՆ-ն՝ «Արտեքսիմ» ընկերությունից։ Կամ՝ ԱԳՆ-ն և Քննչական կոմիտեն ծաղիկներ գնում են հիմնականում «Էնի Ռոուզ» ընկերությունից։ Պաշտպանության, Բնապահպանության նախարարությունները, Քննչական կոմիտեն որպես հուշանվեր՝ ժամացույցները գնում են «Էյ Դաբլյու Այ Գրուպից» և այս նախընտրությունները միանշանակ ռիսկային են :