Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում հստակ պահպանել հակահամաճարակային կանոնները, կատարել պատկան մարմինների հանձնարարականները, անվերապահորեն ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին: Ներկայացնում ենք ոստիկանության հաղորդագրությունը.
«Հարգելի համաքաղաքացինե՜ր:
Հայոց բանակը, պահեստազորն ու կամավորականները հերոսաբար պաշտպանում են հայրենի սահմանները, քանզի վստահ են՝ թիկունքն ամո՜ւր է:
Արժանի՜ լինենք մեր զինվորների վստահությանը:
Արժանի՜ լինենք անմնացորդ թիկունքային կարգապահությամբ ու կազմակերպվածությամբ:
Հիշե՜նք, որ մյուս փորձությունների հետ շարունակվում է նաև կորոնավիրուսի չհայտարարված պատերազմը:
Հիշե՜նք, որ միայն առողջ ու կենսունակ թիկունքը կարող է իսկապես զորավիգ լինել ռազմաճակատին:
Կոչ ենք անում, հորդորում ու պահանջում ենք՝ հստակ պահպանեք հակահամաճարակային անվտանգության կանոնները, ինքնահսկողությամբ ու հանրային հսկողությամբ կատարեք պատկան մարմինների հանձնարարականները, անվերապահորեն ենթարկվեք իրավապահների օրինական պահանջներին:
Վստահ ենք՝ մեր ժողովուրդը կհաղթի նաև այս պատերազմում, որովհետև դա մեր զինվորների պահանջն է:
Զինվոր զգանք մեզ այս պատերազմում»: