Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը մշտական կապի մեջ է Ամերիկայի Միացյալ Նահանգների գործընկերների հետ` Լեռնային Ղարաբաղի շուրջ սրված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին գերմանական առաջատար «Բիլդ» պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես հեռախոսային խոսակցություն եմ ունեցել նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական պարոն Օբրայենի հետ։ Եվ այդ օրը երեկոյան էր, որ լսեցինք պարոն Թրամփի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին լուրը։ Բայց ամեն դեպքում մենք կապի մեջ ենք ամերիկյան գործընկերների հետ, որովհետև Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, որն զբաղվում է Ղարաբաղի հարցի կարգավորմամբ»,- ասել է վարչապետը: