«Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջներ է ներկայացնում Սերժ Սարգսյանին, նա պետք է գիտակցի, որ այդ պահանջները ստանալու համար պետք է ճնշում գործադրի, նրա ետևում պետք է կանգնած լինի հոծ զանգված»,- «168.am-ի հետ զրույցում խոսելով ընդդիմադիր շարժման առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերի մասին' ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, ում կարծիքով' «Բարևի» շարժման առաջնորդի քայլերը համարժեք չեն այն իրավիճակին, որում նա հայտնվել է:
«Այսինքն' այն քայլերը, որը նա անում էր, դրանցով հնարավոր չէր ձևավորել, այսպես ասած, կրիտիկական զանգված, որի միջոցով նա կկարողանար ճնշումներ գործադրել գործող իշխանությունների վրա»,- նշել է քաղաքագետը: Եթե նախորդ նախագահական ընտրությունների և դրանց հաջորդած զարգացումների ժամանակ ԱԺ շենքի մոտ կամ Ազատության հրապարակի շրջակայքում իշխանությունը ջրցան մեքենաներ և ոստիկանական բանակ էր տեղակայել, ապա, ըստ Ե. Բոզոյանի՝ վերջին ընտրություններից հետո դրանք չկային, քանի որ «իշխանությունը երբևիցե մտահոգված չի եղել»:
«2008թ. ընդդիմության թեկնածուն' Լևոն Տեր-Պետրոսյանը, կարողանում էր համախմբել մարդկանց Ազատության հրապարակում, մինչդեռ ներկայիս թեկնածուն չգնաց այդ ճանապարհով, և ինձ զարմացնում է' եթե նա չի կարողանում այդպիսի զանգված հավաքել, ապա ինչո՞ւ պետք է գործող նախագահը զիջումների գնա»,- ասել է Ե. Բոզոյանը:
Իսկ հարցին, թե ինչպե՞ս է տեսնում դեռևս ընթացող հետընտրական գործընթացների հանգուցալուծումը, քաղաքագետը պատասխանեց, թե բոլորը սպասում են Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպմանը, սակայն ինքը լուրջ սպասելիքներ չունի դրանից:
«Անկեղծ ասած' ես այդ հանդիպումից որևէ լուրջ բան չեմ սպասում, որովհետև կողմերի դիրքորոշումները և պատկերացումները շատ տարբեր են: Սա շատ նման է ղարաբաղյան հիմնախնդրին. ինչպես հայկական և ադրբեջանական կողմերը շատ տարբեր պատկերացումներ ունեն հիմնահարցի կարգավորման վերաբերյալ, այնպես էլ Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի պատկերացումներն այս քաղաքական ճգնաժամի վերաբերյալ շատ տարբեր են, որպեսզի ընդհանուր հայտարարի գան»,- ասաց Երվանդ Բոզոյանը:
Երվանդ Բոզոյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք «168 Ժամի» վաղվա տպագիր համարում: