Լևոն Երանոսյանին բերման ենթարկելու, ձերբակալելու հիմքերի և առհասարակ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չունենք: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը:

Հարցին՝ Լևոն Երանոսյանը Արցա՞խ էր մեկնում՝ ի պատասխան փաստաբանն ասաց. «Ես չգիտեմ նույնիսկ՝ որտեղից, ով, ինչ կարգավիճակով է տարել, բռնել, ձերբակալել: Փորձում ենք պարզել նրա գտնվելու վայրը»,- ասաց Սաֆարյանը:

Նա նշեց, որ արդեն դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, բայց դեռևս նորություն չկա:

ԼՈՒՐԵՐ.com-ին ԱԱԾ-ից, Ոստիկանությունից ու ՀՔԾ-ից էլ հայտնեցին, որ այս մարմիններն առնչություն չունեն Լևոն Երանոսյանի ձերբակալության հետ:

Հիշեցնենք, որ մամուլում երեկ տեղեկություն էր տարածվել, որ Արցախ գնալու ճանապարհին ձերբակալվել է նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը: Ըստ տեղեկությունների, նա ձերբակալվել է՝ վարչապետի հայտարարած «դավաճանների» գործով: