Երեկ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում վիրավորված ռուս ռազմական վերլուծաբան, լրագրող Յուրի Կոտենոկը սանավիացիայի ուղղաթիռով այսօր տեղափոխվել է Երեւան՝ «Էրեբունի» ԲԿ: Նա ստացել է կրծքավանդակի բեկորային վնասվածքներ, կորցրել է մեծ քանակությամբ արյուն: Արյունահոսությունը դադարեցնելու նպատակով Արցախում կատարվել է թոքի վիրահատություն: Բացի այդ, մարմնի տարբեր մասերից՝ մասնավորապես վերջույթներից հեռացվել են բազմաթիվ բեկորներ: «Էրեբունի» ԲԿ տեղափոխվելուց հետո կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ, ինչից հետո նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, վիճակը գնահատվում է կայուն ծանր, միացված է արհեստական շնչառության սարք:
Ինչ վերաբերում է մյուս երկու ռուսաստանցի լրագրողներին, նրանք եւս տեղափոխվել են «Էրեբունի»ԲԿ, երեկ երկուսն էլ վիրահատվել են Ստեփանակերտում, քանի որ նրանք եւս ստացել են բազմաբեկորային վնասվածներ: Երկուսին էլ կատարվել են նախաբազկի վիրահատություններ, մարմնի տարբեր հատվածներից հեռացվել են բեկորներ: Այսօր «Էրեբունի» ԲԿ-ում բժիշկները կատարել են վերքերի երկրորդային վիրաբուժական մշակում: Անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նրանք արդեն տեղափոխվել են Մոսկվա: Այս մասին տեղեկանում ենք Էրեբունի ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից: