Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը ցավ է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի ռեժիմի խախտման կապակցությամբ: Այս մասին գրում է Pars Today-ը։
Արձագանքելով Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի ռեժիմի խախտմանը՝ երկուշաբթի օրն Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանն ափսոսում է հրադադարի ռեժիմի խախտման համար և կողմերին կոչ է անում զսպվածություն դրսևորել և խուսափել կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներին հրթիռային հարվածներ հասցնելուց:
Խաթիբզադեն դատապարտում է քաղաքների բնակելի տարածքների հրթիռակոծությունը և խաղաղ բնակիչների սպանությունները և ցավակցել զոհվածների ընտանիքներին:
Նա հավելել է, որ Իրանը կրկին կոչ է անում երկու կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և վերսկսել բանակցությունները միջազգային իրավունքի շրջանակներում, միմյանց տարածքային ամբողջականության հարգելոով և գրավյալ քաղաքների տարհանումն ապահովելով:
Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է նաև Թեհրանի պատրաստակամության մասին' աջակցել Բաքու-Երևան բանակցություններին' տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով: