Այսպես կոչված` միջազգային հանրությունը շարունակում է մտահոգություններ հայտնել և կոչերով հանդես գալ՝ Արցախում արդեն երկու շաբաթից ավել ծավալվող մարտական գործողությունների առիթով: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, որը կոչված է խաղաղություն ապահովել, կարծես, մոռացել է իր այդ բուն առաքելության մասին և բավարարվում է ոչինչ չասող, տրաֆարետային կոչերով: Նույնը կարելի է ասել մյուս միջազգային կառույցների մասին. ԵՄ-ն այսօր շարունակում է դիտորդի կարգավիճակում մնալ, ՆԱՏՕ-ն, որի անդամը այսօր զբաղված է բացահայտ ահաբեկչությամբ, նույնպես լռում է և չի էլ փորձում սանձել Թուրքիային: Լռում է նաև ԱՄՆ-ն, միայն երեկ ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն լղոզված հայտարարություն արեց՝ Թուրքիայի այս պատերազմում ունեցած դերակատարության մասով: Ուշագրավ է, որ հենց Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն էր պատերազմական գործողությունների մեկնարկից մեկ-երկու օր առաջ իր քաղաքացիներին խորհուրդ տալիս զերծ մնալ Հայաստան այցելել՝ նշելով հատկապես այն տարածքները, որտեղ օրեր հետո թռչում էին թշնամու ԱԹՍ-ները: Գերմանիան, Մեծ Բրիտանիան, ՅՈւՆԻՍԵՖ-ը նույնպես բավարարվել են ոչինչ չասող մտահոգություններ արտահայտելով:
Միայն երեք երկիր է, որ այս օրերին գործուն քայլեր են իրականացրել՝ օր առաջ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ: Այս առումով առաջին հերթին հարկ է ընդգծել ՌԴ դերը, թե դիվանագիտական մակարդակում՝ ԱԳՆ ղեկավար Լավրովի միջնորդությամբ ընդունվեց հրադադարի մասին որոշումը, որը սակայն գործեց ընդամենը հինգ րոպե: Սակայն, Մոսկվան մինչ օրս էլ շարունակում է ակտիվ դիվանագիտական քայլեր գործադրել՝ իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ: Մյուս կողմից տեղեկություն է տարածվել, որ ռուսական զինված ուժերը հարված են հասցրել Սիրիայում տեղակայված ահաբեկիչների ճամբարներին, իսկ Թուրքիան, ինչպես գիտենք, հենց այնտեղից էր վարձու գրոհայիններ մատակարարում Ադրբեջան: Իհարկե, ռուսական կողմը ահաբեկչության վտանգի դեմ պայքարում է նաև իր շահերից ելնելով, քանի որ արդեն իսկ պարզ է Թուրքիայի նպատակը՝ իրավիճակը լարել նաև Հյուսիսային Կովկասում` այսպիսով ցնցելով նաև Ռուսաստանը:
Հաջորդ երկիրը, որը այս օրերին ջանքեր է գործադրում իրավիճակի կայունացման ուղղությամբ՝ դա հարևան Իրանն է: Իրանական կողմից հնչում են բավական հստակ մեսիջներ ուղղված թուրք-իսրայելական տանդեմին, և այդ մեսիջները կապված են իսրայելական զենքի մատակարարման և տարածաշրջանում իսրայելական գործոնի ամրապնդման հետ, ինչը Իրանը որևէ կերպ չի հանդուրժելու: Բացի այդ, Իրանի պետական լրատվամիջոցները բավական ակտիվ կերպով լուսաբանում են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ելույթները: Օրեր առաջ Իրանը իսրայելական ԱԹՍ էր ոչնչացրել, որը Արդբեջանի կողմից սխալմամբ հանգրանվել էր Իրանի հետ սահմանամերձ տարածքում: Իրականումՙ բնավ էլ պատահական չէր, որ Արայիկ Հարությունյանի՝ հակաահաբեկչական միասնական կենտրոն ստեղծելու առաջարկը ուղղված էր հենց ՌԴ-ին և Իրանին:
Երրորդ երկիրը, որը հակամարտության առաջին իսկ օրվանից ամենա բարձր մակարդակով հստակ դիրքորոշում է հայտնել, Ֆրանսիան է: Նախագահի և արտգործնախարարի մակարդակով քաղաքական գնահատական է տրվել Թուրքիայի՝ տարածաշրջանում իրավիճակը ապակայունացնելու փորձերին: Բացի այդ, Ֆրանսիայի խորհրդարանը մոտ օրերս կքննարկի Արցախի անկախության ճանաչման հարցը, ինչը ինքնին մեծ ձեռբերում է հայկական կողմի համար: