Անվանի դիրիժոր եւ ջութակահար Վլադիմիր Սպիվակովը միացել է «Հայերի ասամբլեայի» մարդասիրական նախաձեռնությանը եւ առաջիկա համերգի իր հոնորարը փոխանցել է ասամբլեայի հիմնադրամին՝ Արցախի երեխաներին օգնելու համար:

«Հայերի ասամբլեան» ողջ հայկական աշխարհի անունից իր խորին շնորհակալությունն ու երախտագիտությունն է հայտնում մաեստրո Սպիվակովին՝ համերաշխության եւ աջակցության դրսեւորման համար:

Հրապարակված տեսանյութում Երեւանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգի ժամանակ մաեստրո Սպիվակովի ելույթի տեսագրությունից հատված է։

 

 

Բարեգործական մարաթոնի բոլոր հանգանակված միջոցները կուղղվեն Արցախի երեխաներին մարդասիրական օգնությանը՝ արտակարգ եւ հրատապ կարիքների ապահովմանը, ներառյալ պարենամթերքը, կացարանը, բժշկական եւ նյութատեխնիկական աջակցությունը:

«Այս խոսքերը, որ ասում եմ հին առակից, կարող են ուղղվել աշխարհի բոլոր հայերին, որոնց ճակատագրերը սփռվել են աշխարհով մեկ։ Ձեր ազգության յուրաքանչյուր ներկայացուցիչ իր սրտում վշտի մի կտոր ունի, դա միշտ կլինի, երկար-երկար դարեր։

«Ո՞վ ենք մենք»,- հարցրեց ժողովուրդը իր իմաստուն կառավարչին։ «Դուք աշխարհի լույսն եք, դուք աստղեր եք, դուք մաքրության տաճար եք, ձեզանից յուրաքանչյուրում տիեզերքն է»:

Ահա ես նույնը մտածում եմ հայ ազգի՝ ձեր մասին»։

Նախաձեռնությանն ավելի վաղ միացել էին դիրիժոր, նվագախմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Թեոդորր Կուրենտզիսը, աշխարհի ամենահայտնի ջութակահարներից մեկը՝ Սերգեյ Խաչատրյանը, ջազային սաքսոֆոնահար Իգոր Բուտմանը, Մարիամ Մերաբովան, ովքեր Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում եւ Միլանում կայացած համերգների իրենց հոնորարները փոխանցել էին «Հայերի ասամբլեա»։