Սեպտեմբերի 27-ից առ այսօր մենք արձանագրել ենք առնվազն 37 քաղաքացիական զոհ, առնվազն 118 քաղաքացիական վիրավոր, կան նաև անհայտ կորած քաղաքացիական անձինք: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Նրա խոսքով՝ վիրավորներից մեկը հենց գիշերն է վիրավորվել՝ Ավետարանոց գյուղում՝ ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով:
«Նախնական տվյալներ ունենք որոշ քաղաքացիական անձանց զոհվելու վերաբերյալ հատկապես այն բնակավայրերում, որտեղ ադրբեջանական դիվերսիոն խմբերը մուտք են գործել, սակայն կրկին պայմանավորված ռազմական գործողությունների շարունակմամբ, անհնար է վերջանական ճշգրտված տվյալ այս պահին ներկայացնել: Ռիսկը բավականին մեծ է՝ հաշվի առնելով նաև Հադրութի դեպքը, երբ 2 քաղաքացիական անձ սպանվեց, որի վերաբերյալ տեսանյութը հրապարակվեց ադրբեջանական սոցիալական մեդիայում: Ռիսկը մեծ է, որ կարող են այլ դեպքեր էլ լինել, քանի որ մեր տեղեկություններով՝ քաղաքաացիական անհայտ կորած անձինք կան տվյալ բնակավայրերից: Հաշվի առնելով նաև այն ձեռագիրը, որն ակնհայտ է բազմաթիվ ապացույցների հիման վրա, որը կիրառվում է ադրբեջանական զինված ուժերի կողմից, կրկին վտանգը բավականին մեծ է, որ այդ քաղաքացիական անձինք զոհվել են, նույնիսկ ենթարկվել են խոշտանգումների կամ մի շարք այլ ռազմական հանցագործությունների»,- նշեց նա:
Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 10-ին Հադրութ քաղաք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ այդ խմբի անդամները տանը սպանել էին Հադրութի երկու բնակչի՝ մոր ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն: