«Ռեգնում» լրատվական գործակալության խմբագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը անդրադարձել է Իրանի փոխարտգործնախարար, նախագահի հատուկ հանձնակատար Աբաս Արաքչինի՝ Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա կատարելիք այցերին՝ ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ Թեհրանի նախաձեռնությունը ներկայացնելու:
Ըստ հոդվածագրի՝ Իրանն աշխարհում միակ պետությունն է, որ սահմաններ ունի ԼՂ հակամարտությա 3 կողմերի՝ Հայաստանի, ԼՂ-ի և Ադրբեջանի հետ, և որ պատերազմն ազդում է նրա վրա, սակայն դեռևս անուղղակի:
Ըստ Տարասովի՝ Թեհրանը զգայուն է հյուսիսային սահմաններում աշխարհաքաղաքական փոփոխությունների վերաբերյալ: Թեհրանը ուշադրություն է դարձրել նաև այն հանգամանքի վրա, որ Երևանում և Բաքվում ԱՄՆ դեսպանությունները նախորոք դիմել են ԱՄՆ քաղաքացիներին՝ կոչ անելով չայցելել այն շրջաններ, որտեղ լարված իրավիճակ է:
«Այս առնչությամբ Թեհրանի համար դժվար թե անակնկալ կարող էին լինել «Արաքսի այն կողմում» մարտերին մերձարևելյան վարձկանների մասնակցությունը, որոնց Թուրքիան մեծ քանակությամբ բերում է Ադրբեջան»,-գրում է Տարասովը, ապա հավելում, որ կա նաև մեկ այլ գործոն, որը կարող է Իրանի «պայթյունի» համար վառոդ դառնալ:
«Իրանի հյուսիսում 2 անգամ ավելի շատ ադրբեջանցի է ապրում, քան հենց Ադրբեջանում, Արևմուտքի կողմից վաղուց սադրանքներ են կան հանուն միավորման շարժման, և որոշակի աշխարհաքաղաքական հանգամանքներում Իրանը կարող է «փշրվել», ինչի մասին արդեն վաղուց գրում են ամերիկացի և իսրայելցի փորձագետները»,- նշում է հոդվածագիրը, ապա, հղում անելով ֆրանսիական Atlantico պարբերականին, նկատում, որ «մեկ ազգ՝ երկու պետություն» կարգախոսով Թուրքիայի միջամտությունը ԼՂ հակամարտությանը կարող է իրանական ուղղվածություն ունենալ:
Այս տեսանկյունից Տարասովը բացատրելի է համարում Թեհրանի դիվանագիտական ակտիվությունը, թեև կարծում է՝ Թեհրանը չի ցանկանում և պատրաստ չէ ներքաշվել նոր պատերազմում:
«Տեսնենք՝ ինչ հաջողություններ կունենա Արաքչին գործնական տեսնակյունից և կհաջողվի՞ դժվար դիվանագիտական առաքելությունը: Սակայն այն, որ ակտիվացել են իրանական դիվանագիտական ծառայությունները, վկայում է իր հյուսիսային սահմաններից այն կողմ իրավիճակի հանդեպ անհանգստության ծայրահեղ աստիճանի մասին»,-գրում է Տարասովը: