Համեստ, ընկերասեր, գեղեցիկ ու կյանքով լեցուն էր տղաս: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում իր հերոս որդուն այսպես նկարագրեց Լիլիթ Եգլարյանը: 19-ամյա Գևորգ Խաչատրյանը բանակ էր զորակոչվել հուլիսի 28-ին, երեկ լրացավ նրա ծառայության 3 ամիսը: Ընդամենը 3 ամսվա զինծառայող լինելով՝ Գևորգը թեժ մարտերում կարողանում է հետ շպրտել թշնամուն՝ իր կյանքը նվիրելով հայրենիքի պաշտպանությանը:
Գևորգ Խաչատրյանը ավարտել էր Երևանի ինֆորմատիկայի քոլեջը, որից հետո ընդունվել էր Ռուսաստանի պետական ագրարային համալսարանի հայաստանյան մասնաճյուղը. «Գևորգին սիրում էին բոլորը: Գևորգն էլ իր հերթին սիրում էր իր ընկերությունը, շատ էր սիրում սուրճ եփել ու ամեն եփելուց ինձ էլ էր առաջարկում՝ «մա’մ, սուրճ կխմե՞ս: Գևորգը սիրում էր բարձր երաժշտություն, իր մեքենան էր սիրում, կյանքն էր սիրում»,- նշեց Լիլիթ Եգլարյանը:
Ինչպես նշում է վերջինս, Գևորգը, ծառայության մեջ լինելով, ոչնչից չի բողոքել: Անգամ, երբ ռազմական դրությամբ պայմանավորված Գևորգին տեղափոխում են Ջաբրայիլ, նա այդ մասին չի հայտնում որևէ մեկին. «Ամեն առավոտ նրա անուշ ձայնով էր լույսներս բացվում, ասում էր՝ մա՛մ, ի՞նչ կա, դուք ո՞նց եք: Վերջին անգամ հոկտեմբերի 9-ին խոսեցի որդուս հետ, ասացի՝ Գև ջա՛ն, բալե՛ս, զգույշ կլինես, հրամանատարների կողքին եղի՛ր, ասաց՝ մա՛մ ջան, հանգիստ եղի՛ր, մեր մոտ խաղաղ է, կրակ չկա»,- վերհիշեց զինվորի մայրը:
Գևորգի ծնողները, խոսել էին նաև հրամանատարի հետ, ըստ որի, տղաները գերազանց կարողացել էին լուծել իրենց առջև դրված մարտական խնդիրը. «Հրամանատարն ասաց, որ տղաների հետ կարգին կռիվ են տվել, ամեն ինչ լավ էր ընթացել՝ տղաներս իրենց գործ շատ լավ կատարեցին, խոսքեր չկան»,- նշում է Լիլիթ Եգլարյանը:
Հենց հրադադարի օրը՝ հոկտեմբերի 10-ին, Գևորգը իր զինակիցների հետ հաղթանակած պետք է վերադառնար զորամաս, սակայն, թշնամին, չպահպանելով մարդասիրական հրադադարը, անօդաչու թռչող սարքից մահացու բեկորային հարված է հասցնում Գևորգին: