2021 թվականի պետական բյուջեով պարգեւատրումների համար նախատեսված է 18 միլիարդ 825 միլիոն դրամ՝ չհաշված քաղծառայողների համար նախատեսվածը, իսկ այս ցուցանիշը 21 եւ ավելի տոկոսով գերազանցում է նախորդ տարվանը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով նախագիծը ներկայացնող Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։
«Այս նոր իրողություններով պայմանավորված՝ Կառավարությունն արդյո՞ք մտադիր է վերանայել սա, թե՞ այս թիվը նույնությամբ մնալու է»,- հարցրեց պատգամավորը։ Ի պատասխան՝ նախարար Ջանջուղազյանն ասաց․ «Մենք բազմիցս առիթ ունեցել ենք այդ հարցին անդրադառնալու․անվանումը, դժվար է ասել, որ արտահայտում է բովանդակությունը, որովհետև մենք, ըստ էության, այս լուծումը ներկայացրել ենք՝ որպես միջանկյալ այնքան ժամանակ, քանի դեռ պետական կառավարման համակարգի բարեփոխումը չի հասել իր տրամաբանական ավարտին և չի գտնվել լուծումը ծանրաբեռնվածության բաշխման և աշխատանքի վարձատրության համարժեք համակարգի, իսկ մինչ այդ սա ժամանակավոր լուծում է»,- ասաց նա։
Պատգամավորի ճշտող հարցին՝ փաստորեն պարգևավճարների մասով փոփոխություն չե՞նք կարող ակնկալել, և նշված թիվը փոփոխման ենթակա չէ՞, Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց․ «Համենայնդեպս, ներկայացված նախագիծն այնպիսին է, ինչպիսին կա և որևէ ուղղությամբ որևէ փոփոխության մասին խոսքը, կարծում եմ, ժամանակավրեպ է»,- ասաց նա։
Նշվեց նաեւ, որ 2021 թվականի բյուջեի նախագիծը մշակվել է մինչեւ ռազմական դրություն հայտարարելը եւ բնականաբար, այնտեղ հաշվի առնված չեն այն անորոշությունները, ռիսկերը, որոնք ի հայտ են եկել այսօր: