«Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» հասարակական կազմակերպությունը հրատապ ահազանգ նամակով դիմել է ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ աշխատող ավելի քան 150 միջազգային կազմակերպություններին՝ դատապարտելու Ադրբեջանին և Թուրքիային ՝ Արցախի բնակչության դեմ իրականացված ցեղասպանական գործողությունների համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նամակը ստորագրել են ավելի քան 26 երկրների ավելի քան 50 կազմակերպություններ և անհատներ:
«Այս նամակը հրատապ ահազանգ է բոլոր այն միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, որոնք պայքարում են մարդկության դեմ գործած ամենազազրելի հանցագործության՝ ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար։ Այսպիսով, մենք մասնավորապես հորդորում ենք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին. բացահայտել և դատապարտել Ադրբեջանի պատերազմական հանցագործություններն ու ցեղասպան գործողությունները ընդդեմ Արցախի խաղաղ բնակչության դեմ, ճնշում գործադրել ամբողջ աշխարհի կառավարությունների և ընկերությունների վրա՝ դադարեցնելու համար Թուրքիային և Ադրբեջանին արգելված զենքեր տրամադրելը, որոնք բազմիցս օգտագործվում են խաղաղ բնակչության դեմ, դատապարտել Սիրիայից և Լիբիայից ահաբեկիչների տեղափոխումը տարածաշրջան ՝ այն դարձնելով միջազգային ահաբեկչության նոր հանգույց և, մասնավորապես, դրանց օգտագործումը Արցախի հայերի դեմ, համագործակցել մարդասիրական ոլորտներում և ապահովել, որ Արցախում հարգվեն քաղաքացիական անձանց հիմնական իրավունքները (առողջապահություն, կրթություն և այլն)
Ոչ ոք չի կարող իրեն ապահովագրված զգալ այն սարսափներից, որ վերապրում և ապրում են այսօր Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության խաղաղ բնակիչները, եթե այսօր իսկ որոշում չընդունենք, եթե այսօր իսկ չասենք «այլևս երբեք»՝ ապա գուցե առաջիկայում ականատես կլինենք երկրորդ Հայոց ցեղասպանությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:
«Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» հասարակական կազմակերպության հայտարարության մեջ ընդգծվում է, որ աշխարհի որևէ անկյունում իրականացված ցեղասպանությունը պետք է ընկալվի որպես ողջ միջազգային հանրության ձախողման հետևանք, իսկ դրանց կանխարգելումը՝ որպես յուրաքանչյուրիս, այնպես էլ ողջ մարդկության պատասխանատվություն: