Առողջական խնդիրների պատճառով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված 23-ամյա Դավիթ Սարուխանյանը պատերազմի առաջին իսկ օրերից կամավորագրվել ու մեկնել էր ռազմաճակատ. ապրիլյան պատերազմին ևս առաջնագծում էր՝ «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդից:

Չափազանց հայրենասեր էր Դավիթը, 15 տարվա ընկերներ ենք ու ամեն անգամ նոր բան էի սովորում նրա հետ խոսելիս, ամենաունիկալ մտածելակերպն ուներ, իրեն ճանաչողները կփաստեն այդ մասին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Դավիթի ընկերը՝ Նարեկ Քասյանը:

Համառ ու նպատակասլաց Դավիթը մասնագիտությամբ կինոռեժիսոր էր, հաջողակ ծրագրավորող, երաժիշտ ու լուսանկարիչ. «Ծրագրավորումն ու անգլերենը գերազանց վիճակում էին ու լրիվ ինքնուրույն էր հասել դրան, խաղաղ, հանգիստ մարդ էր, ամենահասնողն էր ցանկացած հարցում ու ցանկացած ժամի»,-նշեց Նարեկը:

«Դավիթը ցածրահասակ էր ու իմ համեմատ շատ էր զգացվում դա, միշտ ասում էր՝ Նարե՛կ, դու պատմություն լավ գիտես, աշխարհի բոլոր տերերն ու դիկտատորները ցածրահասակ են եղել, ոնց որ ես, հիշում ես չէ՞»,- երկու ընկերների մեջ հաճախ է եղել այս խոսակցությունը:

Ինչպես Նարեկն է ասում, Դավիթը նաև լեռնագնաց էր, Հայաստանում բոլոր բարձունքները բարձրացել էր:

«Այս պատերազմի օրերին երկու անգամ հրամանատարը տուն էր ուղարկել ու խնդրել, որ հետ չգնա ռազմաճակատ, քանի որ արդեն կարիք չկա, բայց ամեն անգամ տարբեր պատրվակով հետ էր գնացել, ասում էր՝ ընկերներս իրենց կին, երեխա թողել-գնացել են, ես չեմ կարող տանը մնալ»,- ասաց Նարեկը:

Արփինե Հակոբյան